ՌԴ պաշտպանության նախարարությունից հայտնել են, որ փետրվարի 10-ին ռուսական ուժերը զանգվածային հարվածներ են հասցրել Ուկրաինայի էներգետիկ կարևորագույն օբյեկտներին, որոնք ապահովում են երկրի պաշտպանական արդյունաբերության ձեռնարկությունների գործունեությունը: Գերատեսչության ներկայացուցիչ Իգոր Կոնաշենկովը հավելել է, որ հարվածների հետևանքով համապատասխան օբյեկտների աշխատանքը դադարեցվել է, արգելափակվել է արտասահմանյան զենքի տեղափոխումը:
Երեկ Վոլոդիմիր Զելենսկին հայտարարել է, որ Ուկրաինայի ուղղությամբ 70 հրթիռ է արձակվել, առնվազն 60-ը հաջողվել է խոցել: Նրա խոսքով՝ կան զոհեր: Ամենաբարդ իրավիճակը Զապորոժիեի, Խարկովի և Խմելնիցկի շրջաններում է։ Թիրախում են հայտնվել նաև մայրաքաղաք Կիևը, Խարկովը, Լվովը, Օդեսան, Զապորոժիեն և այլ տարածքներ:
Ուկրաինայի Զինված ուժերի գլխավոր շտաբից էլ տեղեկացրել են, որ չնայած զգալի կորուստներին՝ ռուսական ուժերը շարունակում են հարձակողական գործողությունները հիմնականում Կուպյանսկի, Լիմանի, Բախմուտի, Ավդեևկայի և Նովոպավլովսկի ուղղություններում։