Մալուխների արտադրությամբ զբաղվող այս ընկերությունը նախորդ տարի իր արտադրական ծավալների աճի հաշվին կարողացել է 25 հորիզոնականով բարելավել իր դիրքերը 1000 խոշոր հարկ վճարողների ցանկում: Ընդհանուր առմամբ նախորդ տարի Հայաստանում արդյունաբերությունն աճել է 7,9 տոկոսով:
Արթուր Կարապետյան (Մալուխներ արտադրող ընկերության վաճառքի գծով տնօրեն) - Նախորդ տարի Հայաստանում արձանագրված արդյունաբերական աճից էլ ավելի մեծ աճ է գրանցել մեր կազմակերպությունը, դա պայմանավորված է 2022 թվականի շինարարական մեծ բումով, ինչի արդյունքում նաև պահանջարկն է մեծացել մալուխների շուկայում:
Մալուխներ արտադրող ընկերության վաճառքի գծով տնօրենի խոսքով՝ իրենց արտադրության աճը նպաստել է նաև այլ ռազմավարական ճյուղերի ակտիվացմանը:
Արթուր Կարապետյան - Մալուխների արտադրությունն իր հերթին նպաստում է մի շարք ճյուղերի զարգացմանը: Օրինակ՝ էներգետիկ ոլորտում, կապի ոլորտում, շինարարության ոլորտում, ինչու չէ ռազմավարական մեծ նշանակություն ունի մեր պաշտպանության ոլորտում:
Մշակող արդյունաբերության աճը 13,5 տոկոս է կազմել: Էլեկտրաէներգիայի, գազի գոլորշու և լավորակ օդի մատակարարման ուղղությունն աճել է 0,9, իսկ ջրամատակարարման, թափոնների կառավարման և վերամշակման ճյուղը՝ 7,6 տոկոսով: Միակ ճյուղը, որտեղ անկում կա, հանքարդյունաբերությունն է՝ 3,2 տոկոսով: Ընդհանուր արտադրության ծավալը գումարային մոտ 2,7 տրլն դրամ է:
Կարեն Սարգսյան (ՀՀ ԷՆ գլխավոր քարտուղար, տնտեսագետ) - Կտրուկ աճել է մասնավորապես մանածագործությունը, կաշեգործությունը, կոշիկի արտադրությունը, կա աճ սննդամթերքի արդյունաբերությունում: Այս ամենը խոսում է հենց մշակող արդյունաբերության կայուն աճի մասին և եթե նայում ենք ըստ ամիսների այդ աճը պահպանվում է նաև վերջին ամսվա տվյալներով:
Ընդհանուր արդյունաբերության կառուցվածքում մշակող արդյունաբերության մասնաբաժինը՝ 67,4 տոկոս է, հանքարդյունաբերությունը՝ 19,3, ինչը վերջին 3 տարիների համար ամենացածր ցուցանիշն է: Իրենց տեսակարար կշռով մշակող արդյունաբերության հիմնական ճյուղերն են՝ սննդի արտադրությունը, ոչ մետաղական հանքային արտադրատեսակների արտադրությունը, խմիչքի և հիմնային մետաղների արտադրությունը:
Կարեն Սարգսյան - Փաստացի այս ոլորտում մշակող արդյունաբերությունը հենց ստեղծում է այն արժեքը, որի վրա հիմնվում է երկրի փաստացի տնտեսական աճը և նրա զարգացման ներուժը: Այսինքն մասնավորապես այն նոր աշխատատեղերի ստեղծումը, նոր ընկերությունների ձևավորումը, արտաքին շուկաների ձևավորումը դա հենց մշակող արդյունաբերության հաշվին է տեղի ունենալու և նաև իր հերթին այդ մշակող արդյունաբերությունը այն շարժիչ ուժն է, որն այլ տնտեսական ոլորտներին այսպես ասած աճի դրական դինամիկա է հաղորդելու»:
Արդյունաբերության 34,9 տոկոսը մայրաքաղաքին է բաժին ընկնում, 19,1 տոկոսը Սյունիքի, 11,2-ն Արարատի, իսկ 11,1 տոկոսը Կոտայքի մարզին:
Կարեն Սարգսյան - Կառավարության ռազմավարությունից է բխում, նաև մեր երկրի շահերից, որպեսզի զարգանա մշակող արդյունաբերությունը և մեր արդյունաբերության կառուցվածքը դիվերսիֆիկացվի դեպի ավելի այսպես ասած զանգվածային արտադրությունների խթանումը, նաև տարբեր ոլորտներում նոր, այսպես ասած, աճի պոտենցիալի ձևավորումը:
Մասնագետներն ընդգծում են՝ արդյունաբերության աճին նպաստել է նաև արտաքին պահանջարկի ավելացումը:
Կարեն Սարգսյանի խոսքով այս տարի ևս ոլորտում իրականացվող ծրագրերի հաշվին բարձր աճ է ակնկալվում:
Հեղինակ՝ Նիկոլայ Ավետիսյան