Փետրվարի 10-ին՝ ժամը 23.30-ի սահմաններում, «Համմեր» մեքենայի վարորդը հանդիպակաց երթևեկել է Աբովյան փողոցում, չի ենթարկվել ոստիկանության ծառայողների «կանգ առ» ազդանշանին, մեքենան վարել է հետիոտնի համար նախատեսված վայրով, վրաերթի է ենթարկել պարեկի, դիտավորյալ հարվածել է պարեկային 3 և քաղաքացիների 8 մեքենայի և վնասել դրանք։
ՀՀ ՆԳՆ ոստիկանությունից հայտնում են, որ այս ամենը կանխելու և մեքենայի ընթացքը կանգնեցնելու համար գործադրվել է հրազեն «Համմերի» անվադողերի ուղղությամբ։
Վարորդը, թողնելով մեքենան Ագաթանգեղոս փողոցի շենքերից մեկի կամարանցման տակ, դիմել է փախուստի: Դեպքի վայր են մեկնել ոստիկանության օպերատիվ խմբեր՝ ՀՀ ՆԳՆ ոստիկանության պետ-ՆԳ նախարարի տեղակալ Արամ Հովհաննիսյանի գլխավորությամբ։
Ոստիկանները պարզել են, որ «Համմերը» շահագործել է Արարատի մարզի Արարատ գյուղի՝ 1997 թվականին ծնված մի բնակիչ։ Նա հայտնաբերվել է Խորենացու փողոցում, ձերբակալվել և ներկայացվել նախաքննական մարմին։
Ձերբակալվածի անձնական խուզակությամբ հայտնաբերվել է «Մեթամֆետամին» տեսակի թմրանյութին նմանվող բյուրեղանման զանգված:
Մեքենան տեղափոխվել է ոստիկանության Կենտրոնական բաժնի պահպանվող հատուկ տարածք։
Նախաձեռնվել է քրեական վարույթ։