ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում տեղի է ունեցել Հայաստանում ֆրանկոֆոն ծրագրերի համակարգման աշխատանքային խմբի հերթական նիստը:
Աշխատանքային խումբը ձևավորվել է ԿԳՄՍ նախարարի հրամանով՝ նախարարության համակարգման, այդ թվում՝ առաջնահերթաբար կրթության և մշակույթի ոլորտներում Հայաստանում գործող ֆրանկոֆոնիայի դերակատարների միջև փոխգործակցությունը և ծրագրային նախաձեռնություններն առավել արդյունավետ կազմակերպելու նպատակով: Նիստը վարել է աշխատանքային խմբի ղեկավար, ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը:
«Մեր նպատակն է ֆրանկոֆոնիայի օրերը Հայաստանում անցկացնել ոչ միայն առանձին կառույցների միջոցով, այլև հանդես գալ համատեղ իրականացրած առանցքային ծրագրով՝ նախապես մշակելով գործողությունների պլան: Ծրագրում պետք է ապահովվի տարբեր հաստատությունների լավագույն մասնակցությունը»,- ասել նախարարի տեղակալը:
Նիստում քննարկվել են Ֆրանկոֆոնիայի միջազգային օրվան նվիրված ՀՀ ուսումնական, մշակութային հաստատությունների կողմից նախապես ներկայացված միջոցառումների ցանկը, ինչպես նաև ֆրանկոֆոն երկամսյակը միասնական ձևաչափով և ռեսուրսների միավորմամբ անցկացնելու հնարավորությունները:
Աշխատանքային խմբի բարձրագույն, միջին մասնագիտական կրթության, հանրակրթական և մշակութային ենթախմբերի պատասխանատուները ներկայացրել են իրենց ոլորտներում անցկացվող միջոցառումները, հանդես եկել առաջարկներով: Քննարկվել են հաջողված միջոցառումները մեկ ծրագրում ինտեգրելու հնարավորությունները, ինչպես նաև միջոցառումների մասին տեղեկատվության հասանելիությունը պատշաճ ապահովելու և մուտքի պահանջները սահմանելու հարցերը՝ կարևորելով մարզաբնակ պատանիների ներգրավման խթանումը:
Քննարկման արդյունքում կողմերը որոշել են Ֆրանկոֆոնիայի օրերը մեկնարկել պաշտոնական բացմամբ, որը կուղեկցվի թեմատիկ համերգով, ինչպես նաև անցկացնել էքսպո՝ կրթական բաղադրիչով:
Միջոցառումների անցկացման համար նախատեսվում է մշակութային կառույցների հետ համագործակցություն: