Դեկտեմբերի 7-ից մայրաքաղաքում մեկնարկել են պարեկների հոգեբանական պատրաստության դասընթացները։ Այն կազմակերպվել է Եվրոպական միության աջակցությամբ՝ «Հաշվետու հաստատություններ և մարդու իրավունքների պաշտպանությունը Հայաստանում» ծրագրի շրջանակներում: Ծրագիրն իրականացվում է ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի, ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի և ԵԱՀԿ-ի հետ համատեղ:
Փետրվարի 8-ին հերթական դասընթացի շրջանակում վերապատրաստվում էին Երևանի գնդի 2-րդ գումարտակի պարեկները։ Դասընթացին ներկա էր պարեկային ծառայության պետ Արթուր Ումրշատյանը։ Նա բացման խոսքում կարևորեց նմանօրինակ վերապատրաստումները՝ պարեկային ծառայողների հոգեբանական պատրաստվածության և հմտությունների կատարելագործման նպատակով։
Ելույթ ունեցավ նաև ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի՝ ոստիկանության, անվտանգության և հանրային կառավարման ծրագրերի պատասխանատու Դավիթ Հարությունյանն ու Երևանի պետական համալսարանի կիրառական հոգեբանության կենտրոնի ղեկավար, հոգեբան-փորձագետ Դավիթ Գևորգյանը։
Դավիթ Հարությունյանը ներկայացրեց հաղորդակցման կառուցվածքը, բաղադրիչները, արդյունավետ հաղորդակցման հնարքներն ու հմտությունները։
Ուսումնասիրվող ու քննարկվող թեմաների շարքում էին նաև կոնֆլիկտը, դրա տիպերն ու կառուցվածքը, լուծման ուղիները և այլ հարցեր։ Շուրջ 3 ամիս անցկացվող դասընթացներին մասնակցելու հնարավորություն է ընձեռվել 250 պարեկային ծառայողի, որոնց մի մասն արդեն վերապատրաստվել և ստացած գիտելիքները կիրառում է ծառայության ժամանակ։