Պաշտոնեական լիազորությունների չարաշահում. պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանի մեղադրանքն է, նրան կալանավորելու միջնորդություն է ներկայացվել դատարան:
Ըստ դատախազության՝ Սարգսյանը 2018 թվականի հունվարին պաշտպանական գերատեսչության հաշվեկշռում գտնվող բազմաբնակարան շենքի բնակարանների բաշխման գործընթացում դիտավորությամբ կատարել է իր լիազորությունների շրջանակից ակնհայտորեն դուրս գործողություններ: Դատախազ Արման Նշանյանի խոսքով՝ խախտվել է Կառավարության 2007 թ. որոշմամբ հաստատված կարգը:
Արման Նշանյան (պետական իշխանության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության ավագ դատախազ) - Զինծառայողներին բնակարաններ հատկացնելու մասին Կառավարության որոշմամբ հաստատված կարգի խախտմամբ 2018 թվականի հունվար ամսին տեղի է ունեցել զինծառայողների բնակարանների հատկացման գործընթաց:
Կառավարությունը հստակ սահմանել է, թե առաջնահերթության կարգով ո՛ր զինծառայողներին է անհրաժեշտ տրամադրել բնակարաններ:
Նրանց շարքում են ծառայության 10 և ավելի տարվա ստաժ ունեցող զինծառայողներից մինչև «Մարտական խաչի» 1-ին, 2-րդ աստիճանի շքանշանակիրներ, մարտական գործողությունների մասնակիցներ, 5 տարի և ավելի ծառայություն և պաշտոնի առաջխաղացման հնարավորություն ունեցող զինծառայողներ:
Արման Նշանյան - Սակայն 2018 թվականի հունվարի 18-ին տեղի ունեցած նիստի նախորդող ժամանակահատվածում պաշտպանության նախարար հանդիսացող Վիգեն Սարգսյանը հանձնարարել է հանձնաժողովի նախագահին և անդամներին, որպեսզի շուրջ 29 բնակարան հատկացվի արտահերթ, այսինքն՝ առանց հերթացուցակի հանգամանքը հաշվի առնելու, որոնց ընտրությունը անձամբ կատարել է ինքը ու միաժամանակ նաև որպես առաջնահերթություն սահմանել առաջնագծում, շփման գծում 5 և ավելի տարի ծառայություն իրականացրած անձանց մասով, որպիսի հանգամանքը հիշատակված Կառավարության որոշմամբ հաստատված կարգով նախատեսված չի եղել:
Դատախազի խոսքով՝ հանձնաժողովը 2018 թվականի հունվարի 18-ին տեղի ունեցած նիստի ժամանակ հերթացուցակից առանձին 29 հոգու բնակարան հատկացնելու վերաբերյալ որոշում է կայացրել, որոնցից 25-ը թեև հաշվառված են եղել, սակայն նրանց հերթը ավելի ուշ պետք է գար:
Արման Նշանյան - Բացի այդ, 29 հոգուց 4-ը ընդհանրապես բնակարանային հաշվառման մեջ չեն գտնվել, ավելին՝ նշված 4 անձանից 2-ը նույնիսկ չեն հանդիսացել զինվորական ծառայողներ:
Այս գործողությունների հետևանքով բնակարանային հերթացուցակում ներառված անձինք չեն ստացել բնակարան: Քրեական վարույթը նախաձեռնվել էր 4 տարի առաջ՝ 2019 թվականին՝ բնակարանային այդ ցուցակից դուրս մնացած 8 սպաների փաստաբանի դիմումի հիման վրա: Հենց այդ ժամանակ Վիգեն Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնել էր, թե այս գործընթացի հիմնական նպատակը զինված ուժերի և բանակի ղեկավարության վարկանիշին հերթական հարվածը հասցնելն է: Վստահեցրել էր, որ զինծառայողներին բնակարանների բաշխման գործընթացն իրականացվել է օրենքի պահանջներին համապատասխան: Մինչդեռ զինծառայողների փաստաբան Նորիկ Նորիկյանը հակառակը պնդեց, շեշտեց՝ սպաները մինչև օրս չեն ստացել իրենց բնակարանները:
Փաստաբան Նորիկ Նորիկյան - 8 սպաներ ապօրինաբար հանվել են բնակարանային պայմանների բարելավման հերթացուցակից, որի ժամանակահատվածում եղել են 2-րդ, 3-րդ, 4-րդ համարները, այսինքն՝ հերթացուցակի այն համարներում են եղել, որ ցանկացած շենքի շահագործման պայմաններում նրանք պետք է պարտադիր ստանային իրենց բնակարանները, սակայն Երևան քաղաքում համապատասխան շենքի շահագործման հանձնելուց հետո նրանց հասանելիք բնակարանները բնակավորման հանձնաժողովի անդամների և պաշտպանության նախկին նախարարի համապատասխան որոշումներով հատկացվել են այլ անձանց:
Վիգեն Սարգսյանը անցնում է մեկ այլ գործով ևս, որով դեռ որևէ կարգավիճակ չունի: Ըստ դատախազի՝ Սարգսյանը հանցավոր ճանապարհով ձեռք բերված եկամուտները օրինականացնելու և դրանց ծագման աղբյուրը խեղաթյուրելու նպատակով 2013-ին ձևական պայմանագիր է կնքել գործարար Սամվել Մայրապետյանի հետ՝ Աբովյանում գտնվող իր բնակարանը և ավտոկայանատեղիները 149 միլիոն դրամով վաճառելու վերաբերյալ:
Արման Նշանյան - Հետագայում արդեն՝ 2018 թվականին, նույն բնակարանը հետ է գնել էլի ձևական պայմանագրով՝ արդեն 56 միլիոն ՀՀ դրամով:
Այդ գումարով, ըստ դատախազության՝ Սարգսյանը Մարապետյանի հետ փոխկապակցված անձանց հետո առուվաճառքի պայմանագրով Հյուսիսային պողոտայում ձեռք է բերել 2 բնակարան և 2 կայանատեղի՝ կնոջ անունով:
Արման Նշանյան - Ձեռք բերված տվյալները բավարար են եղել գալու այն հետևության, որ Հյուսիսային պողոտա 5 հասցեում գտնվող բնակարանը և ավտոկայանատեղիները ձեռք են բերվել առերևույթ հանցավոր ճանապարհով ձեռք բերված եկամուտներով, վարույթն իրականացնող մարմնի կողմից որոշում է կայացվել նշված գույքի վրա արգելանք դնելու վերաբերյալ:
Թեև Վիգեն Սարգսյանը վաճառել է Հյուսիսայինում իրեն պատկանող երկու բնակարանները, այնուամենայնիվ, դատախազի խոսքով՝ առուվաճառքի պայմանագիր ըստ էության չի իրականացվել:
Արման Նշանյան - Չի գրանցվել գույքը հետագայում ձեռք բերած անձի սեփականության իրավունքը, տվյալ պահին նշված գույքի նկատմամբ դեռևս սեփականության իրավունքը շարունակում է պահպանվել Վիգեն Սարգսյանի կնոջ անունով:
Վիգեն Սարգսյանը եղել է Հանրապետական կուսակցության առաջին փոխնախագահ, երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի աշխատակազմի ղեկավարը, 2016-ից մինչև հեղափոխությունը պաշտպանության նախարարն էր:
Նա մի քանի տարի է՝ բնակվում է Ամերիկայի Միացյալ Նահանգներում, որտեղ, ըստ մամուլի՝ 2 միլիոն դոլարով առանձնատուն է գնել, այդ հանգամանքը նախկին նախարարը չի հերքել:
Հեղինակ՝ Տաթև Խաչատրյան: