Նախագահ Վահագն Խաչատուրյանը մեր պետության 30 տարվա ամենամեծ բացթողումը համարում է պետական ինստիտուտներում ինստիտուցիոնալ փոփոխությունների չիրականացումը:
«Մենք այդպես էլ չենք կարողացել կամ չենք ուզել դա անել` տարբեր շարժառիթներից ելնելով»,- նշում է նախագահը, նկատում՝ նույնիսկ առանձին դեպքերում ավելի լավ էր` պետական ինստիտուտների կայացմանն ուղղված բարեփոխումները չարվեին:
Վահագն Խաչատուրյան (ՀՀ նախագահ) - Այն աշխատանքները, որոնք կատարվում են 2018 թվականից հետո, որոնք միտված են նոր պետական ինստիտուտների ձևավորմանը, շատ դեպքերում դժվարությամբ են առաջ գնում, որովհետև նախկինում արմատավորված այդ վատ ավանդույթները դժվար է փոխել: Նախորդ մեր հանդիպմանը մենք խոսում էինք սահմանադրականության, դատական համակարգի մասին, կարծում եմ, որ Դուք շատ ավելի լավ եք պատկերացնում և գնահատում վիճակը և ամենաշահագրգիռը Դուք եք ու Կառավարությունը: Համոզված եմ, որ այդտեղ մենք հաջողություն կունենանք:
Նախագահը ողջունում է երկրաշարժի հետ կապված՝ Թուրքիային ցավակցություն, օգնության պատրաստակամություն հայտնելու Կառավարության մոտեցումը:
Վահագն Խաչատուրյան - Նաև մեր բարեկամ Սիրիայի նկատմամբ ցուցաբերած վերաբերմունքի համար: Իրականում երկու երկրներում էլ դա գնահատվել է, Սիրիայում առանձնատուկ գնահատանքի է արժանացել: Կարծում եմ, որ մենք այլ կերպ չէինք կարող վարվել, որովհետև Սպիտակի երկրաշարժի վերքերը դեռևս թարմ են մեր հիշողություններում, և, բացի դրանից՝ դժբախտություն էր տեղի ունեցել մեր հարևան երկրում, մենք այլ կերպ չէինք կարող վարվել: Ուզում եմ առանձնահատուկ շնորհակալություն հայտնել Ձեզ նաև այդ որոշումների համար:
ՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ ՊԵՏՔ Է ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏ ԱՇԽԱՏԻ` ԱՆԿԱԽ ԱՆՁԵՐԻՑ. ՎԱՐՉԱՊԵՏ
Մարտահրավերներին մեր արձագանքը պետք է լինի ոչ միայն սիմետրիկ, այլև ասիմետրիկ. վարչապետի խոսքով՝ այս առումով չի փոխվել Կառավարության մոտեցումը:
Նիկոլ Փաշինյան (ՀՀ վարչապետ) - Ասիմետրիկ ասելով՝ նկատի ունեմ հետևյալը. որ ընդհանրապես, ցավոք, այսօր այնքան շատ են պրոբլեմները, որ մեզ անընդհատ կարող են մտցնել այս պահի, այս րոպեի, այսօրվա խնդիրները լուծելու ռեժիմի մեջ, ինչն անհրաժեշտ է:
Երկրի ղեկավարը կարևոր է համարում երկարաժամկետ ռազմավարական պլանավորման և ռազմավարական բարեփոխումների օրակարգն առաջ մղելը՝ սկսած կրթական ոլորտից: Ըստ Նիկոլ Փաշինյանի՝ հիմնական նպատակն է, որ պետությունը, պետական համակարգը շարունակի արդյունավետ աշխատել` անկախ անձերից: Կարևորելով մարդու դերը՝ վարչապետն ընդգծում է, որ, այնուամենայնիվ, համակարգը պետք է անձին, պաշտոնյային անընդհատ մղի, նաև որոշակիորեն պարտադրի կառուցողական աշխատանքի: Նիկոլ Փաշինյանը գնահատում է նախագահի աջակցությունը Կառավարության գործունեությանը՝ վստահեցնելով, որ բարեփոխումների օրակարգը հնարավոր չէ իրականացնել առանց նախագահի աջակցության:
Նիկոլ Փաշինյան - Դուք նշեցիք Թուրքիայում և Սիրիայում տեղի ունեցած աղետալի երկրաշարժի մասին: Շնորհակալ եմ, որ այդպես եք վերաբերվում կայացրած որոշումներին, որովհետև, այո, իսկապես շատ մեծ աղետ է տեղի ունեցել և լինել անտարբեր այդ ամենի նկատմամբ՝ ուղղակի որևէ կերպ հասկանալի չէր կարող և չի կարող լինել: Մանավանդ այն համատեքստում, որ ես այդ մասին նաև Ամանորյա ուղերձում նշեցի, որ եթե ուզում ենք մեր պետության հարատևությունն ապահովել՝ պետք է աշխատենք մեր հարաբերությունների որակը փոխել շատ ուղղություններով, բայց առաջին հերթին մեր տարածաշրջանում, որովհետև, անկախ ամեն ինչից, մենք այստեղ ենք, և մեզ շրջապատող երկրները, մեր հարևան երկրներն էլ են այստեղ: Մենք առաջին հերթին պիտի աշխատանք տանենք այդ հարաբերությունների որակը փոփոխելու ուղղությամբ, իհարկե, հասկանալով՝ մենք այդքան միամիտ չենք, որ մտածենք, որ դա միայն մեզնից է կախված: Իհարկե, մեզնից չէ կախված, և մենք ոչ մի հանգամանք չենք մոռանում: Խնդիրն այն է, թե մենք ինչ ուղղությամբ ենք ուզում դասավորել կամ գործադրել մեր ջանքերը:
Նախագահի նստավայրում վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցել է ներքին գործերի, արդարադատության, ֆինանսների, ԿԳՄՍ նախարարների երդման արարողությանը: