Երևանի հրաձգության մանկապատանեկան մարզադպրոցում փետրվարի 10-12-ը կանցկացվի գնդակային հրաձգության Հայաստանի մեծահասակների բաց առաջնություն, հայտնում են ԿԳՄՍ նախարարությունից:
Մրցմանը կմասնակցի Երևանի հրաձգության մանկապատանեկան մարզադպրոցի, հրաձգության հանրապետական մարզադպրոցի, «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի, Գյումրիի և Վանաձորի մարզադպրոցների շուրջ 80 մարզիկ:
Առաջնությունը կանցկացվի առանց տարիքային սահմանափակման: Հաղթողներն ու մրցանակակիրները կստանան հավաստագրեր և դրամական պարգևներ: Հաղթող մարզիկների անձնական մարզիչները նույնպես կարժանանան դրամական պարգևի:
Հայաստանի առաջնության ավարտից հետո հրաձգության հավաքական թիմը փետրվարի 17-ից ուսումնամարզական հավաք կանցկացնի Լեհաստանում: Մարտի 12-ին հրաձիգները կմեկնեն Էստոնիայի մայրաքաղաք Տալլին, որտեղ կմասնակցեն Եվրոպայի առաջնությանը: