Այսօր Մոլդովայի վարչապետ Նատալյա Գավրիլիցայի կառավարությունը հրաժարական է ներկայացրել: Նույն օրը նախագահ Սանդուն վարչապետի պաշտոնի թեկնածու է առաջադրել անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Դորին Ռեչանին, գրում է ՏԱՍՍ-ը:
Օրենքի համաձայն՝ երկու շաբաթվա ընթացքում Ռեչանը պետք է խորհրդարանի հաստատմանը ներկայացնի նոր կաբինետի կազմն ու ծրագիրը: Այն հաստատելու համար անհրաժեշտ է ստանալ խորհրդարանի մեծամասնության աջակցությունը: 101 պատգամավորից 63-ը ներկայացնում են իշխող կուսակցությունը։
Սանդուն ընդգծել է, որ նոր կառավարությունը կենտրոնանալու է տնտեսության զարգացման, ներդրումների ներգրավման, արդարադատության բարեփոխման, կոռուպցիայից այն մաքրելու վրա: Թեկնածու Ռեչանն էլ խոստացել է արագացնել Եվրամիությանը հանրապետության ինտեգրման գործընթացը:
Իշխող կուսակցության ղեկավար և Մոլդովայի խորհրդարանի խոսնակ Իգոր Գրոսուն վստահեցրել է, որ Ռեչանի կաբինետը կստանա պատգամավորների աջակցությունը։