Հայաստանից Սիրիա մարդասիրական օգնություն տեղափոխող երկրորդ օդանավն այսօր վայրէջք է կատարել Հալեպի միջազգային օդանավակայանում: Օգնության նոր խմբաքանակը ներառում է առաջին անհրաժեշտության պարագաներ, սնունդ, դեղորայք, բժշկական սարքավորումներ փետրվարի 6-ին տեղի ունեցած ավերիչ երկրաշարժից տուժածների համար։ Բեռների տեղավորման աշխատանքներին հետևել է Սիրիայում ՀՀ դեսպանը:
ՀԱՅ ՄԱՍՆԱԳԵՏՆԵՐԸ ՄԱՍՆԱԿՑՈՒՄ ԵՆ ՈՐՈՆՈՂԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻՆ
Երեկ Հալեպ են մեկնել նաև հայ փրկարարները: Նրանք արդեն ներգրավվել են Հալեպի Շաար շրջանում ընթացող որոնողափրկարարական աշխատանքներում: Հայ փրկարարները փլատակներից արդեն դուրս են բերել 3 մարդու, շարունակվում է նաև դիերի դուրսբերումը:
Հայկ Ղազարյան (ԱԻՆ որոնողափրկարարական ջոկատի անդամ, փոխգնդապետ) - 6-7 տեղամաս հետախուզություն ենք արել, առաջնային գնահատում ենք արել, կոնկրետ այս տեղամասում գիշերը հերթափոխային աշխատում ենք, գիշերը մեր առաջին խումբը աշխատել է, դեռ կոնկրետ ինՖորմացիա է եղել, տեղեկատվություն տուժածների վերաբերյալ, աշխատել է կինոլոգիան:
Սիրիայում վերջին տվյալով զոհվել է ավելի քան 3000 մարդ, վիրավորների թիվը հատում է 5000-ը, ավերվել են հարյուրավոր շինություններ: Հալեպում ևս կան տասնյակ քանդված շենքեր, փլատակներում հայտնված մարդկանց մասին անընդմեջ ահազանգեր են ստացվում, եղանակային պայմաններն ավելի են բարդացնում որոնողափրկարարական աշխատանքների ընթացքը:
Անաս Հաճ Ադուր (Շաար շրջանի բնակիչ) - Այս շենքը փլվել է հենց առաջին ցնցումից, մի քանի վայրկյանից երկրորդը փլվեց: Հայաստանից և Իրանից ժամանած ջոկատները ջանք չեն խնայում և լիովին կատարում են իրենց առջև դրված խնդիրները: Այս ավերակներում հնարավոր է դեռևս 6 մարդ կա: Աշխատանքներն իրականացվում են 24-ժամյա ռեժիմով: Առանց հանգստի աշխատում են: Աստված նրանց պահապան:
Հայ փրկարարները տեղում նաև մաքրման և հետախուզական աշխատանքներ են իրականացնում, ներգրավված է կինոլոգիական խումբ: Գործընթացը դժվարացնում է նաև այն հանգամանքը, որ վնասված շենքերում մեծ է կրկնակի փլուզման վտանգը, ինչի հետևանքով առկա են անվտանգային ռիսկեր թե՛ փրկարարների, թե՛ փլատակներում հայտնված քաղաքացիների համար: Որոնողափրկարարական ջոկատների մասնագետները ստուգում են նաև հիմնովին չփլված շենքերը՝ պարզելու՝ պիտանի են արդյոք դրանք բնակության համար:
Ավերիչ երկրաշարժից տուժած Սիրիայի հայ կրթական հաստատություններին ֆինանսական աջակցության մասին հայտարարել է նաև «Հայաստան» համահայկական հիմնադրամը: Կառույցի՝ Ֆրանսիայի տեղական մարմնի տրամադրած 100 հազար դոլարը կհատկացվի Հալեպ քաղաքում գործող 15, ինչպես նաև Դամասկոսի, Լաթաքիայի և Քեսաբի հայ կրթական հաստատություններին: Ֆինանսական աջակցության մի մասը կուղղվի երկրաշարժից վնասված «Քարէն Եփփէ» ազգային ճեմարանի, «Կիլիկյան» դպրոցի և Ազգային պատսպարանի վերանորոգմանը։ Այս հրատապ հումանիտար ծրագիրն իրականացվում է Սիրիայում Հայաստանի դեսպանության հետ սերտ գործակցությամբ, ինչպես նաև տեղի եկեղեցական և համայնքային այլ կառույցների ներգրավվածությամբ:
Հայ մասնագետների թիմը որոնողափրկարարական աշխատանքներ է իրականացնում նաև Թուրքիայի Ադըյաման քաղաքում: Տեղում դրանց ընթացքին հետևել է Թուրքիայի խորհրդարանի հայազգի պատգամավոր Կարո Փայլանը: Նա Թվիթերի միկրոբլոգում տեսանյութ է հրապարակել, տեղեկացրել՝ որոնողական աշխատանքները շարունակվում են: Փայլանը հույս է հայտնել, որ փրկարարներին կհաջողվի փլատակներից դուրս բերել ծուղակում հայտնված բնակիչներին: