Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության և Երևանի պետական համալսարանի միջև ստորագրվել է համագործակցության հուշագիր։
Փաստաթուղթը ստորագրել են ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը և Երևանի պետական համալսարանի ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը։
Ստորագրման արարողությանը ներկա են եղել ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Էդուարդ Հակոբյանը, գլխավոր քարտուղար Կարեն Սարգսյանը և նախարարության այլ ներկայացուցիչներ, ԵՊՀ զարգացման և նորարարությունների գծով պրոռեկտոր Միքայել Հովհաննիսյանը, պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչներ, ինչպես նաև բուհի տարբեր ֆակուլտետների ուսանողներ։
Հուշագրի նպատակն է երիտասարդ մասնագետների համար ստեղծել տեսական և գործնական գիտելիքների ամրապնդման և խորացման հնարավորություններ, նպաստել բուհ-աշխատաշուկա կապերի ամրապնդմանը և կատարելագործմանը, ինչպես նաև համատեղ ջանքերով նպաստել կրթական համակարգի զարգացմանն ու բարձրացնել գիտական մտքի և դրա արդյունքների դերը պետական ֆինանսական համակարգում և հարկաբյուջետային քաղաքականության իրականացման գործընթացում։
Նախարար Հովհաննիսյանը, խոսելով Ֆինանսների նախարարության՝ որպես գրավիչ աշխատավայրի վերաբերյալ իր պատկերացումների մասին, հույս է հայտնել, որ ԵՊՀ լավագույն շրջանավարտներն իրենց աշխատանքային կարիերան կկերտեն հենց նախարարությունում:
Ստորագրման արարողությանը հաջորդել է շփում ուսանողների և դասախոսների հետ` հարց ու պատասխան ձևաչափով։ Նախարար Վահե Հովհաննիսյանը և ՀՀ ՖՆ գլխավոր քարտուղար Կարեն Սարգսյանը պատասխանել են հնչեցված հարցերին և խոսել հուշագրի գործնական կիրառմանն առնչվող մի շարք կարևոր հարցերի մասին։