ԱԺ նիստում ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը ներկայացրեց «Կրթության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը:
«Նախագծի հիմնական նպատակն է ներդնել արտադպրոցական կրթության ոլորտում աշխատողների մասնագիտական զարգացման և վարձատրության փոխկապակցված մեխանիզմ, որով հնարավորություն կստանան դիմելու, մասնակցելու և ատեստավորման բավարար արդյունքի պարագայում ստանալու լրավճար պետական բյուջեից»,- ասաց նախարարը:
Բացի այդ, նախագծով հնարավորություն է լինելու կարգավորել արտադպրոցական կրթության ոլորտում մի շարք կարևոր օրենսդրական բացեր:
«Նախագծով սահմանում ենք հատուկ դրույթ, որով պետությունը երաշխավորում է արտադպրոցական կրթության համակարգի ստեղծումը և տարբեր ուղղություններով ծառայությունների տրամադրման հնարավորությունները, սահմանում ենք պաշտոնների անվանացանկի և մանկավարժական աշխատողների աշխատանքային նկարագրերի մասին լիազորող նորմեր, որոնք թույլ են տալու կանոնակարգել ոլորտում իրականացվող բովանդակային աշխատանքը»,- ասաց Անդրեասյանը:
Ատեստավորման արդյունքով պայմանավորված՝ հավելավճարները կլինեն տարբեր. 70-79 տոկոսի դեպքում կսահմանվի 80.600 դրամ լրավճար, առանց հարկերի մանկավարժը կստանա 60.000 դրամ լրավճար, 80-89 տոկոսի դեպքում՝ 111.500 դրամ, կստանա 80.000 դրամ, իսկ 90-100 տոկոսի դեպքում՝ 138.300 դրամ, առանց հարկերի լրավճարը կկազմի 100.000 դրամ:
Նշվել է, որ առաջին փուլով դիմելու հնարավորություն կունենան երաժշտական և արվեստի դպրոցների դաշնամուրի և երաժշտության տեսության ուսուցիչները, մարզադպրոցների ազատ ոճի և հունահռոմեական ըմբշամարտի, սամբոյի և ձյուդոյի մարզիչ-մանկավարժները: Տարվա ընթացքում նախատեսվում է նաև երկրորդ փուլով ատեստավորում, ինչը մասնակցելու լրացուցիչ հնարավորություն կընձեռի մյուսներին: Նախարարի կարծիքով՝ եկող տարվանից համակարգն ամբողջությամբ ատեստավորման դիմելու և մասնակցելու հնարավորություն կունենա: