Թուրքիայում և Սիրիայում ավերիչ երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը գերազանցում է 22.000-ը:
Թուրքիայում զոհվել է 18.000-ից ավելի մարդ, վիրավորների թիվը հատել է 75.000-ը, ավերվել է շուրջ 6500 շինություն՝ տեղեկացրել է Թուրքիայի փոխնախագահ Ֆուաթ Օքթայը: Նա հավելել է, որ Քիլիս և Շանլիուրֆ քաղաքներում որոնողափրկարարական աշխատանքներն ավարտվել են: Լրատվամիջոցները հայտնում են, որ Թուրքիայի տարածքում կրկին հետցնցումներ են գրանցվել:
Սիրիայում վերջին տվյալով զոհվել է շուրջ 4000 մարդ, վիրավորների թիվը հատում է 5000-ը:
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունից հայտնել են, որ երկրաշարժի պատճառով տուժել է շուրջ 25 միլիոն մարդ, այդ թվում՝ 1 միլիոնից ավելի երեխա։ Կարմիր խաչից էլ մտահոգություն են հայտնել, որ երկրաշարժից հետո Սիրիայում փլատակներում ավելի շատ մարդ կարող է մնալ, քան Թուրքիայում, ինչը պայմանավորված է Սիրիայում որոնողափրկարարական անհրաժեշտ տեխնիկայի ոչ բավարար քանակով:
Fitch Ratings վարկանիշային գործակալությունը գնահատել է Թուրքիային և Սիրիային հասցված վնասը: Նախնական հաշվարկներով՝ երկրաշարժից տուժած տարածքները վերականգնելու համար կպահանջվի ավելի քան 4 մլրդ դոլար։
***
Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին Լոնդոն և Փարիզ պաշտոնական այցերից հետո Բրյուսելում հանդիպել է Եվրամիության ղեկավարների հետ: ԵՄ գագաթնաժողովում նա կոչ է արել Կիևին մարտական ինքնաթիռներ, ժամանակակից տանկեր, հեռահար հրթիռներ տրամադրել: Նրա խոսքով՝ մատակարարումներն անհրաժեշտ է սկսել, նախքան Ռուսաստանը կկարողանա վերախմբավորել ուժերը նոր գրոհների համար:
Զելենսկին Եվրամիությանը կոչ է արել պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի միջուկային արդյունաբերության, ինչպես նաև անօդաչու թռչող սարքերի արտադրող ընկերությունների և ՏՏ ոլորտի նկատմամբ:
Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելն էլ նշել է, որ առաջիկա շաբաթները Ուկրաինայի համար որոշիչ կլինեն. Եվրամիությունը պետք է առավելագույն օգնություն ցուցաբերի Կիևին։ Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենն էլ ընդգծել է, որ ԵՄ-ն պատրաստում է Մոսկվայի դեմ պատժամիջոցների 10-րդ փաթեթը, որը կներառի սահմանափակումներ ռուս զինվորականների և լրագրողների նկատմամբ:
Ատոմային էներգետիկայի միջազգային գործակալության գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսսին Մոսկվայում շարունակել է բանակցությունները «Ռոսատոմ» պետական կորպորացիայի գլխավոր տնօրեն Ալեքսեյ Լիխաչովի հետ: Օրակարգում է Զապորոժիեի ատոմակայանի շուրջ անվտանգության գոտու ստեղծման հարցը։
Լիխաչովը նշել է՝ չնայած ԱԷԿ-ի հարցում քաղաքականացված մթնոլորտին, Ատոմային էներգետիկայի միջազգային գործակալությունը պրոֆեսիոնալ մոտեցում է դրսևորում և փորձում լուծումներ գտնել: Նա հավատացրել է՝ ռուսական կողմը թափանցիկ կգործի և կաշխատի գործակալության հետ անվտանգության գոտի ստեղծելու ուղղությամբ:
***
Պերուում վերսկսվել են հակակառավարական ցույցերը: Մայրաքաղաք Լիմայում և Հուլյակա քաղաքում հարյուրավոր ցուցարարներ պահանջում են գործող նախագահ Դինա Բոլուարտեի հրաժարականը: Ոստիկանների և ցուցարարների միջև բախումներ են եղել: Պերուի կառավարությունը 30 օրով երկարաձգել է մի շարք բնակավայրերում հայտարարված արտակարգ դրությունը:
Ակցիայի մասնակիցները պահանջել են նաև ազատ արձակել դեկտեմբերի սկզբին ձերբակալված նախկին նախագահ Պեդրո Կաստիլյոյին, որը փորձել էր իր իմփիչմենթի հարցով քվեարկությանն ընդառաջ ցրել խորհրդարանը։ Կաստիլյոն մեղադրվում է ապստամբություն կազմակերպելու համար։ Նրան սպառնում է 10-20 տարվա ազատազրկում: Նախկին նախագահին մեղադրում են նաև իշխանությունը չարաշահելու և պաշտոնավարման ընթացքում կոռուպցիոն հանցագործություններ կատարելու համար։ Ցույցերի ընթացքում դեկտեմբերից ի վեր զոհվել է շուրջ 50 մարդ: