Թուրքիան քննարկում է Սիրիայի կառավարության կողմից վերահսկվող տարածքի հետ սահմանային անցակետ բացելու հնարավորությունը՝ երկրաշարժից տուժած մարդկանց օգնություն ուղարկելու համար, ուրբաթ հաղորդում են եվրոպական լրատվամիջոցները։
Այս քննարկումների մասին հայտնել է թուրք պաշտոնյան: Նա նշել է, որ կարող է անցակետ բացվել նաև ընդդիմության հսկողության տակ գտնվող Իդլիբ շրջանի հետ։
Քրդստանի աշխատավորական կուսակցությունն (PKK) էլ հայտարարել է թուրքական բանակի դեմ ռազմական գործողությունների ժամանակավոր դադարեցման մասին՝ աջակցելու փրկարարական աշխատանքներին Թուրքիայի հարավ-արևելքում և Սիրիայի հյուսիս-արևմուտքում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժից հետո, հայտնում է France-Presse-ը:
«Եթե թուրքական ուժերը չհարձակվեն մեզ վրա, մեր ուժերը ոչ մի ռազմական գործողություն չեն ձեռնարկի նրանց դեմ, և այս որոշումը ուժի մեջ կմնա մինչև աղետի ավարտը»,- ասել է PKK-ի քաղաքական թևի ղեկավար Ջամիլ Բայըկը: Նա նշել է, որ «հազարավոր քրդեր գտնվում են փլատակներում», և «պետք է օգտագործել բոլոր միջոցները նրանց հնարավորինս արագ փրկելու համար»։