Վերջին տարիներին ֆինանսական և ոչ ֆինանսական շուկաներում աճել են անորոշությունները, ինչպես նաև արտարժույթի փոխարժեքի տատանողականությունն է մեծացել: Այս մասին ԱԺ նիստում խոսեց պատգամավոր Գևորգ Պապոյանը՝ նշելով, որ դա էական ռիսկեր է առաջացնում ոչ միայն պետության, այլև քաղաքացիների համար: Խոսքը այն քաղաքացիների մասին է, որոնք արտարժութային վարկեր ունեն:
«Խնդիրը հատկապես ցայտուն է բնակարանային հիփոթեքային կրեդիտների դեպքում, 20 տարվա կտրվածքով քաղաքացին, որի եկամուտները դրամային են եղել, շատ մեծ ռիսկերի է ենթարկվում: Սրանից 2 ամիս առաջ եվրոյի փոխարժեքը 392 էր: Այն քաղաքացին, որը եվրոյով հիփոթեքային վարկ էր վերցրել, այսօր 9 տոկոս ավելի փոխարժեքով պետք է վճարի»,- ասաց Պապոյանը:
Այսպես, Պապոյանը ներկայացրեց օրենսդրական նախաձեռնություն, որը նվազեցնում է այս ռիսկերը:
«Եթե ռեզիդենտները չունեն արտարժութային եկամուտներ, ապա նրանք չեն կարող ու չպիտի ստանան արտարժութային վարկեր: Սա հատկապես տարածված է լինում այն դեպքերում, երբ քաղաքացիները ֆինանսական բարձր գրագիտություն չեն ունենում և տարվում են 1-2 տոկոս հիփոթեքային վարկի ավելի էժան լինելու գայթակղությամբ և հետագայում շատ մեծ խնդիրների առաջ են կանգնում»,- ասաց պատգամավորը: