Ադրբեջանական շրջափակման հետևանքով ստեղծված տնտեսական բարդ իրավիճակում Արցախում ավելի քան 5100 մարդ կորցրել է աշխատանքը կամ եկամտի աղբյուրը: Արցախի պետեկամուտների կոմիտեի գնահատմամբ՝ Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով տուժել է տնտեսության 41 ոլորտ:
Արմինե Մուսայելյան (Արցախի պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ) - Մանածագործական արտադրատեսակների արտադրություն, հագուստի արտադրություն, խմիչքների արտադրություն, մրգեղենի, բանջարեղենի պահածոյացում, մսի, մսամթերքի մշակում, պահածոյացում, հանրային սննդի կազմակերպման ծառայություններ, հյուրանոցային տնտեսությունների կազմակերպում՝ բացառությամբ, եթե շրջանառության մեջ 60 տոկոս և ավելին կազմում է պետական պատվերի շրջանակում կացության ապահովումը:
Մեծածախ ու մանրածախ առևտրի ոլորտը տուժել է ապրանքի բացակայության, արտադրողները՝ հումքի ներկրման խնդրի պատճառով: «Արցախկարպետ» ընկերությունում ասում են՝ ունեցած հումքը սպառել են՝ հարկադիր պարապուրդի է գնացել 45 աշխատակից, նաև արտադրանքը արտահանել չեն կարող:
Հասմիկ Մխիթարյան (ընկերության արտադրամասի պետ) - Ավարտեցինք կիսատ մնացած և՛ գորգերը, և՛ կարպետները, այս պահին մնում է միայն երկու կարպետ: Բոլոր աշխատողները տանն են մնացել, և հումքի խնդրի պատճառով նրանք նորից նոր աշխատանք սկսել չեն կարող:
Աշխատանքից հեռացնել որևէ մեկին չեն ուզում, հարցը նախ բարոյական հարթությունում են դիտարկում, հետո նաև՝ մասնագետներ կորցնելու տեսանկյունից:
Հասմիկ Մխիթարյան - Սա այնպիսի աշխատանք չի, որ ցանկացած մեկին դրսից բերենք ու ասենք՝ եկեք գորգ գործեք: Ամիսներ շարունակ մենք նրանց պատրաստել ենք այս աշխատանքին, հատուկ վարպետների միջոցով նրանք ուսուցման պրոցեսներ են անցել, և այս պահին կրճատել այդ կանանց և աղջիկներին, չեմ կարծում, որ դա նորմալ կլինի:
ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ԿՏՐՎԻ ԱՇԽԱՏԱՏԵՂԵՐԸ ՉԿՐՃԱՏԱԾ ՏՆՏԵՍՎԱՐՈՂՆԵՐԻՆ
Դեկտեմբերի 12-ից հետո աշխատողներին չկրճատած տնտեսվարողներին Արցախի կառավարությունը կաջակցի միանվագ դրամաշնորհով՝ յուրաքանչյուր աշխատակցի հաշվով 136 հազար դրամի չափով: Եթե աշխատակցի աշխատավարձը դրանից ցածր է՝ ապա փաստացի աշխատավարձի չափով:
Արմինե Մուսայելյան - Գործատուն պետք է 2022 թվականի դեկտեմբեր և 2023 թվականի հունվար՝ ի համեմատ 2022 թվականի նոյեմբեր ամսվա, ապահոված լինի, պահպանած լինի աշխատողների աշխատատեղերը կամ առավելագույն շեղումը, կրճատումները կազմեն 7,5 տոկոսային կետ: Հաջորդ պայմանը՝ գործատուն պետք է 2022 թվականի դեկտեմբեր և 2023 թվականի հունվար ամիսներին պահպանած լինի նոյեմբեր ամսվա աշխատավարձի ֆոնդի առնվազն երկու երրորդը:
Պետական աջակցության ծրագիրը կգործի նաև անհատ ձեռնարկատերերի համար:
Արմինե Մուսայելյան - Անհատ ձեռնարկատերերին՝ 136 հազար դրամի չափով, իսկ արտոնագրային վճար վճարող անհատ ձեռնարկատերերին և ֆիզիկական անձանց՝ 68 հազար դրամի չափով: Այստեղ նաև կարևոր է, որ տվյալ սուբյեկտը փետրվարի մեկին նախորդող 15 օրերի ընթացքում այլ գործատուի հետ չլինի աշխատանքային կամ քաղիրավական հարաբերություններում: Այսինքն՝ եթե նա փաստացի ունի եկամտի աղբյուր, այս դեպքում աջակցություն չի տրամադրվելու:
Նախնական տվյալներով՝ պետական աջակցության դրամաշնորհային ծրագրից կօգտվի 1073 հարկատու՝ ավելի քան 7600 աշխատողների հաշվով:
Շահառու անհատ ձեռնարկատերերի թիվն այժմ հատում է 1720-ը, նրանց շարքում նաև արտոնագրային վճարով աշխատող ֆիզիկական անձինք կան: