Արտարժույթի տատանողականությունը ռիսկեր է առաջացնում ոչ միայն պետության, այլև հիփոթեքով բնակարան գնող քաղաքացիների համար: Խնդրի կարգավորման համար օրենսդիրը «Արժութային կարգավորման և արժութային վերահսկողության մասին» օրենքում փոփոխություններ է նախաձեռնել:
Գևորգ Պապոյան (ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր) - 2 ամիս առաջ եվրոյի փոխարժեքը 392 էր: Այն քաղաքացին, որը, օրինակ, եվրոյով հիփոթեքային վարկ էր վերցրել, այսօր արդեն 9 տոկոսով ավելի փոխարժեքով պետք է վճարի, քանի որ փոխարժեքը բարձրացել է 427-ի: Եվ եթե քաղաքացին 2 տոկոս ավելի ցածր վարկ ստանալու համար եվրոյով էր վարկ վերցրել, ապա նրա վարկը 2 ամսում արդեն 9 տոկոսով թանկացել է:
Քաղաքացիները, որոնք չունեն արտարժութային եկամուտներ, չեն կարող ստանալ արտարժութային վարկեր, նշեց նախագծի հեղինակը, հավելեց՝ Հայաստանի քաղաքացիների հիմնական մասը եկամուտները ստանում է դրամով: Բարձր ռիսկով ցածր տոկոսով, թե ցածր ռիսկով բարձր տոկոսով վարկ. ընդդիմադիր պատգամավոր Թադևոս Ավետիսյանը նախագծում ռիսկեր է տեսնում:
Թադևոս Ավետիսյան (ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր) - Ձեր առաջարկով ներքին արժութային սահմանափակում է դրվում, որը նվազեցնելու է ազգային արժույթի լիկվիդայնությունը։ Բացի այդ, արժութային ռիսկը չի վերանում, դուք այդ ռիսկը տեղափոխում եք բանկեր, հետևաբար, այն նվազում է, բայց տոկոսադրույքը կբարձրանա։
Արտարժութային վարկերի տոկոսն ընդհանուր վարկային պորտֆելում այնքան մեծ չէ, որ ազդի բանկերի ֆինանսական վիճակի վրա, պատասխանեց Գևորգ Պապոյանը:
Գևորգ Պապոյան - Այսօր 83 տոկոսը կամ 824 մլրդ դրամը կազմում են դրամային հիփոթեքային վարկերը, 17 տոկոսը կամ մոտ 140 մլդ դրամը՝ արտարժութային վարկերը:
Նախագիծը չի վերաբերում բիզես վարկերին:
2022-ԻՆ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԻ ԾԱՎԱԼՆ ԱՃԵԼ Է ՇՈՒՐՋ 20 %-ՈՎ. ՔԵՐՈԲՅԱՆ
Գործադիրն էլ ներկայացրեց «Արդյունաբերական քաղաքականության մասին» օրենքի փոփոխությունները: Նախարար Վահան Քերոբյանի խոսքով՝ 2022 թվականին Հայաստանի մշակող արդյունաբերությունը զգալի աճ է գրանցել. արտադրության ծավալն աճել է 13,5 տոկոսով՝ կազմելով 1,8 տրլն դրամ, փոխարենը մի փոքր անկում է ապրել հանքարդյունաբերությունը: Խոսելով ներդրումների մասին՝ նախարարը փաստեց, որ 2022 թվականին ներդրումների ծավալն աճել է շուրջ 20 տոկոսով:
Վահան Քերոբյան (ՀՀ էկոնոմիկայի նախարար) - Մեր տնտեսության կառուցվածքային փոփոխությունների ճանապարհին մենք պետք է ավելացնենք ներդրումների դերը մեր տնտեսության մեջ՝ ՀՆԱ-ի մեջ հասցնելով 25 տոկոսի: Այժմ այդ թիվը 18 տոկոսի մոտակայքում է: Դա անհրաժեշտ չափից քիչ է, որ մենք համարենք, որ մեր տնտեսությունը ներդրումների, ոչ թե սպառման հիման վրա է:
Հայաստանի բարձր տեխնոլոգիաների ոլորտում էլ 60 տոկոսից ավելի աճ է արձանագրվել, հիմնվել են նոր արտադրություններ, արձանագրեց ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանը:
Հակոբ Արշակյան (ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ) - Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության ստեղծվելուց ի վեր՝ որոշ դեպքերում տասնյակ անգամներով, որոշ դեպքերում՝ մի քանի անգամ ավելացվել են ֆինանսավորման ուղղությունները թե՛ բարձր տեխնոլոգիաների, թե՛ ռազմարդյունաբերության ուղղություններով: Մասնավորապես, նոր տեսակի պաշտպանական համակարգեր են նախագծվել, որոնք արդեն իսկ մտել են սերիական արտադրության մեջ:
Խորհրդարանականները «Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների և Սինգապուրի Հանրապետության միջև ազատ առևտրի մասին» համաձայնագիրն էլ քննարկեցին:
Վահան Քերոբյան - ԵԱՏՄ-ի պարտավորություններով ամրագրված անվանացանկը պարունակում է 12.229 ապրանք, որոնցից 4858 ապրանքատեսակի մասով նախատեսվում է զրո տոկոս մաքսատուրքի կիրարկում, ընդ որում՝ համաձայնագրի ուժի մեջ մտնելուց անմիջապես հետո։
Որոշ ապրանքների մաքսատուրքերը կնվազեն աստիճանաբար: Քերոբյանն անդրադարձավ նաև առևտրաշրջանառությանը՝ նկատելով, մոտավորապես 70%-ով աճել է արտաքին առևտուրը: 3 երկրի հետ 1 մլրդ դոլարից ավելի շրջանառություն է գրանցվել, Ռուսաստանի Դաշնության հետ՝ 5 միլիարդից ավելի, հաջորդը Չինաստանն ու Արաբական Միացյալ Էմիրություններն են: ԱԺ-ն քվեարկեց ու ընդունեց քննարկված նախագծերը, սպառելով քառօրյայի օրակարգը:
Հեղինակ՝ Անի Օհանյան