ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար, Համահայկական ամառային ութերորդ խաղերի կազմակերպման և անցկացման կազմկոմիտեի նախագահ Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ տեղի է ունեցել կոմիտեի ընդլայնված կազմով առաջին նիստը:
Քննարկվել են Համահայկական ամառային ութերորդ խաղերի կազմակերպչական աշխատանքների հետ կապված հարցեր:
Արայիկ Հարությունյանը նշել է, որ առաջին նիստն ընդլայնված կազմով անցկացնելը կարևոր է բոլոր հնարավոր հարցերին և խնդիրներին անդրադառնալու, դրանք ժամանակին լուծելու, կազմակերպչական աշխատանքներն արդյունավետ իրականացնելու և արդյունքում՝ Համահայկական խաղերը պատշաճ մակարդակով անցկացնելու առումով:
Նիստի սկզբում Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի նախագահ Իշխան Զաքարյանը ներկայացրել է խաղերի անցկացման ժամանակացույցն ու առաջիկա ծրագրերը:
Արայիկ Հարությունյանը կարևորել է գերատեսչությունների միջև փոխկապակցված աշխատանքը և այդ առումով ընդգծել յուրաքանչյուր կառույցի կողմից սահմանված ժամանակացույցի համաձայն աշխատանքների իրականացման անհրաժեշտությունը:
Համահայկական ամառային ութերորդ խաղերը նախատեսվում են անցկացնել ս.թ. օգոստոսին:
Բացման արարողությունը տեղի կունենա Գյումրիում, փակման արարողությունը՝ Երևանում: 17 մարզաձևերի համար խաղարկվելու է 107 հավաքածու մեդալ: