17 տարի առաջ «Բարձունք 5165» հայ-ֆրանսիական կազմակերպությունն Էջմիածնում սոցիալական ներդրման ծրագիր սկսեց: Սկսեցին այն ընտանիքներից, որոնք հատկապես առողջապահության ոլորտում աջակցության կարիք ունեն:
Լուսինե Մելիքյան («Բարձունք 5165» կազմակերպության գլխավոր տնօրեն) - Օգտվում են հաշմանդամներ, զոհված և անհետ կորած զինվորների ընտանիքների անդամներ, ծնողազուրկ երեխաներ, Արցախից տարհանվածներ և սոցիալական այլ խմբեր:
Կազմակերպությունը տարեկան մոտ 12 հազար շահառու է սպասարկում: Այստեղ անվճար ծառայություն են մատուցում բերանի խոռոչի և ատամների խնդիրներ ունեցողներին: «Չնայած ծառայությունը անվճար է, բայց որակյալ աշխատանք են կատարում»,- վստահեցնում է դիսպանսերի շահառու, 44-օրյա պատերազմի մասնակից Սևակը:
Սևակ Ստեփանյան (շահառու) - Եթե մարդիկ սրտացավորեն են մոտենում գործին, չի կարող որակ չլինել: Հասկանում են, որ հարուստ չես, բայց սրտացավորեն են մոտենում:
Ֆրանսիայից հաճախ են այստեղ բժիշկներ գալիս. աշխատում են, պացիենտներ ընդունում, վարպետության դասեր անցկացնում: Հաշմանդամություն ունեցող երիտասարդին, սակայն, ոչ թե ֆրանսիացի, այլ հայ ատամնաբույժներն են օգնել. հիմա կարողանում է առանց դժվարության շարժել ծնոտը:
Հերմինե Բաբաջանյան (ծնող) - Ծնոտի հետ կապված խնդիր ունի, բերանը չի կարողանում բացել: Առաջ չէր կարողանում հաց ուտել, հիմա լավ է:
Արցախից տեղահանված բազմանդամ այս ընտանիքն էլ թեև նոր է սկսել այցելել կենտրոն, բայց բուժանձնակազմի հետ հասցրել է մտերմանալ:
Հասմիկ Ղարիբյան (շահառու) - Իմ աղջիկը շատ էր վախենում, միշտ փախնում էր, բայց հիմա չի վախենում, ասում է՝ դոկտորիս մոտ եմ գնում:
Ատամնաբույժների միջազգային օրվա առիթով հայ-ֆրանսիական դիսպանսեր էր այցելել Ֆրանսիայի դեսպանը: Անն Լույոն շրջել է սենյակներում, հետևել ատամնաբույժների աշխատանքին, զրուցել նրանց ու շահառուների հետ: Դիվանագետի խոսքով՝ այստեղ ամեն ինչ այնպես է, ինչպես իր հայրենիքում՝ Ֆրանսիայում:
Անն Լույո (ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան) - Այստեղ հիանալի աշխատանք է արվում. օրական մոտ 40 շահառու է սպասարկվում: Գովելի է, որ դիսպանսերը բերանի խոռոչի խնամքի մասին կրթական ծրագրեր է անում նաև դպրոցներում: Դրական տպավորություն ստացա ատամնաբույժներից, նրանք լավ կրթություն են ստացել: Նկատեցի նաև, որ տեխնիկայի պակաս չունեն:
Բուժումներից բացի, կազմակերպությունը մարզի դպրոցներում և մանկապարտեզներում նաև պրոֆիլակտիկ ծրագրեր է իրականացնում: Մասնագիտական թիմը երեխաներին սովորեցնում է՝ ինչպես վաղ տարիքից խնամել ատամներն ու կանխարգելել բերանի խոռոչի հիվանդությունները: