ԱՄՆ-ը 180 օրով թույլատրել է Սիրիայում իրականացնել ավերիչ երկրաշարժի հետևանքների վերացման վերաբերյալ գործարքներ՝ Սիրիայի նկատմամբ կիրառվող պատժամիջոցների պայմաններում:
«Մեր խորին ցավակցությունն ենք հայտնում Թուրքիայի և Սիրիայի ժողովրդին ավերիչ երկրաշարժերի հետևանքով ողբերգական մարդկային կորուստների և ավերածությունների կապակցությամբ»,- ասել է ֆինանսների փոխնախարար Ուոլլի Ադեյեմոն: «Քանի որ միջազգային դաշնակիցները և հումանիտար գործընկերները մոբիլիզացվում են տուժածներին օգնելու համար, ես ուզում եմ շատ հստակ ասել, որ Սիրիայի դեմ ԱՄՆ պատժամիջոցները չեն խոչընդոտի սիրիացի ժողովրդի կյանքը փրկելու ջանքերը»,- ասել է բարձրաստիճան պաշտոնյան:
«ԱՄՆ-ի պատժամիջոցների ծրագրերը ուղղված չեն օրինական մարդասիրական օգնությանը, ներառյալ երկրաշարժի հետևանքով տուժածներին օգնություն ցուցաբերելու ջանքերին: ԱՄՆ կառավարությունը վաղուց ունի մի քանի ընդհանուր լիցենզիաներ, որոնք գործում են Սիրիայի դեմ պատժամիջոցների մասին կանոնակարգի ներքո: Դրանք թույլատրում են ՄԱԿ-ին, ԱՄՆ կառավարությանը, նաև ոչ կառավարական կազմակերպություններին մարդասիրական օգնությանն աջակցող միջոցառումներ իրականացնել, ներառյալ Սիրիայի իշխանության վերահսկողության տակ գտնվող տարածքներում»,- հավելել է ԱՄՆ պաշտոնյան: