Մերձավոր Արևելքում ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի տարածաշրջանային տնօրեն Քորին Ֆլեյշերը կոչ է արել չեղարկել Սիրիայի դեմ պատժամիջոցների մի մասը՝ երկիր մարդասիրական օգնություն հասցնելու համար, քանի որ սահմանափակումները խոչընդոտում են երկրաշարժից հետո անհրաժեշտ ապրանքների ներմուծումը։ Նրա խոսքը մեջբերում է Reuters-ը։
Պաշտոնյան ասել է, որ դժվարություններ կան՝ դեղորայքի, պարարտանյութերի և որոշ սարքավորումների ներկրման հետ կապված։
Ֆլեյշերը նաև նշել է, որ Սիրիայի հյուսիս-արևմուտքում պարենային ծրագրի պաշարները սպառվում են, մինչդեռ այնտեղ, ըստ նրա, բնակչության 90 տոկոսը կախված է մարդասիրական օգնությունից: Այդ կապակցությամբ նա նաև կոչ է արել ավելի շատ սահմանային անցակետեր բացել Թուրքիայից:
Ավելի վաղ Սիրիայի հարցով ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Գեյր Պեդերսենը հայտնել էր, որ Միացյալ Նահանգների և Եվրամիության ներկայացուցիչները կազմակերպությանը խոստացել են մարդասիրական օգնություն ուղարկել Սիրիա՝ չնայած Դամասկոսի նկատմամբ կիրառվող պատժամիջոցներին։
Anadolu գործակալությունը հայտնում է, որ ՄԱԿ-ը 14 բեռնատար մարդասիրական օգնություն է ուղարկել Սիրիայի հյուսիս-արևմուտքում գտնվող Իդլիբ նահանգ՝ որպես միջսահմանային օգնության մի մաս: