Եվրախորհրդարանի պատգամավորները խստորեն դատապարտում են 2022 թ. սեպտեմբերին Հայաստանի վրա Ադրբեջանի լայնածավալ ռազմական հարձակումը, որը խախտել է խաղաղության հասնելու նախկին փորձերը և հանգեցրել ադրբեջանական ուժերի կողմից Հայաստանի ինքնիշխան տարածքը գրավելուն: Այս մասին նշված է Հայաստանի հետ Եվրամիության հարաբերությունների մասին նոր զեկույցում, որը պատրաստել է Արտաքին գործերի կոմիտեն:
«Ընդգծելով, որ ագրեսիան ուղիղ կապ չունի Լեռնային Ղարաբաղի երկարամյա հակամարտության հետ՝ զեկույցը Ադրբեջանի իշխանություններին կոչ է անում դուրս բերել զորքերը Հայաստանի տարածքից: Երկու երկրների կառավարություններին կոչ է արվում աշխատել համապարփակ և փոխընդունելի խաղաղության պայմանագրի վրա, իսկ Եվրամիությանը՝մշտապես մասնակցել և հանդես գալ որպես միջնորդ՝ արդյունավետորեն նպաստելով հակամարտության խաղաղ կարգավորմանը»,- նշված է զեկույցում:
Եվրախորհրդարանի պատգամավորներն ընդգծում են, որ արդյունավետ լինելու համար ցանկացած խաղաղության պայմանագիր պետք է ներառի դրույթներ, որոնք երաշխավորում են Հայաստանի ինքնիշխան տարածքի ամբողջականությունը, Լեռնային Ղարաբաղում և հակամարտությունից տուժած այլ շրջաններում բնակվող հայ բնակչության իրավունքներն ու անվտանգությունը, ինչպես նաև փախստականների և բռնի տեղահանվածների օպերատիվ և անվտանգ վերադարձն իրենց տներ:
ՀՀ-Ն՝ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆՈՒՄ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԱՏԱՐ
«Զեկույցը գոհունակություն է հայտնում 2021 թ. մարտին Հայաստան-Եվրամիություն Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի ամբողջական ուժի մեջ մտնելու և դրա իրականացման Հայաստանի հանձնառության կապակցությամբ։ ԵԽ պատգամավորները բարձր են գնահատում նաև Հայաստանում վերջին տարիներին ձեռնարկված նշանակալի բարեփոխումները և ժողովրդավարացման մանրակրկիտ գործընթացը, որի շնորհիվ երկիրը դարձել է տարածաշրջանում ժողովրդավարության առաջատարը»,- նշված է տեքստում:
Զեկույցում նաև բարձր է գնահատվում Հայաստանի պայքարը հանցավորության և կոռուպցիայի դեմ և կառավարությանը կոչ է արվում շարունակել բարեփոխումներ իրականացնել ժողովրդավարական ինստիտուտների, օրենքի գերակայության և դատական համակարգի անկախության ամրապնդման ուղղությամբ՝ չնայած միջազգային բարդ իրավիճակին և մարտահրավերներին, որոնց բախվում է Հայաստանը: Եվրախորհրդարանի պատգամավորները ողջունում են նաև լրատվամիջոցների ազատության ոլորտում բարելավումները: Միաժամանակ, եվրապատգամավորները նշել են, որ երկրիմեդիա միջավայրը դեռևս բևեռացված է, և մտահոգություն են հայտնել լրագրողների նկատմամբ ատելության և ֆիզիկական բռնության դեպքերով:
«Լիովին աջակցելով ապատեղեկատվության դեմ պայքարի Հայաստանի կառավարության ջանքերին՝ Եվրախորհրդարանի պատգամավորները հայտարարում են, որ որևէ միջոց չպետք է հանգեցնի լրագրողների կամ խոսքի ազատության սահմանափակումների»,- նշված է այնտեղ։
Հայաստանի հարցով զեկուցող Անդրեյ Կովաչևը հայտարարել է, որ ԵՄ-Հայաստան հարաբերությունների մասին զեկույցը ևս մեկ անգամ վերահաստատում է Եվրոպական խորհրդարանի հանձնառությունը՝ տարածաշրջանում խաղաղությանը և Հայաստան-Եվրամիություն համագործակցությանը մի շարք կարևոր ոլորտներում։ Որպես այս ուղղությամբ կենսական քայլ՝ նրանք ողջունում են Հայաստանում ԵՄ առաքելության հիմնումը և կոչ անում Ադրբեջանի կառավարությանը՝ երաշխավորել Լաչինի միջանցքով տեղաշարժման ազատությունն ու անվտանգությունը, որը արգելափակված է արդեն 61 օր: