ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ամենշաբաթյա ճեպազրույցում անդրադառնալով Հայաստանի, Վրաստանի և Ադրբեջանի եռակողմ գործակցության ձևաչափի հնարավոր ակտիվացմանը՝ նշել է, որ ցանկացած պետություն իրավունք ունի մասնակցելու միջազգային այն ձևաչափերին, որոնք բխում են նրա շահերից և ուղղված չեն երրորդ երկրների դեմ, ինչպես նաև հաշվի են առնում ուժերի հավասարակշռությունը:
«Եթե Երևան-Թբիլիսի-Բաքու եռակողմ ձևաչափը նպաստում է Հարավային Կովկասում տարաձայնությունների կարգավորմանը, տարածաշրջանում կայունության և անվտանգության ամրապնդմանը, ապա մենք կարող ենք միայն ողջունել այդ նախաձեռնությունը: Այդ մասին բազմիցս հայտարարել ենք: Իսկ եթե այս նախաձեռնության հետևում Վաշինգտոնը և Բրյուսելն են, որոնք ձգտում են խափանել Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների եռակողմ պայմանավորվածությունների կատարման ընթացքը, ապա դա այլ հարց է: Այդ եռակողմ պայմանավորվածություններն ընկած են Երևան-Բաքու հարաբերությունների կարգավորման հիմքում»,- ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը:
Զախարովան նաև խոսել է «3+3» տարածաշրջանային ձևաչափից, որը, նրա համոզմամբ, նույնպես միտված է տարածաշրջանում առկա տարաձայնությունների հաղթահարմանը: «Այս ձևաչափը մեծ ներուժ ունի՝ նպաստելու հայ-ադրբեջանական կարգավորմանը»,- շեշտել է Զախարովան:
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը նաև նշել է, որ ռուս խաղաղապահներն ապահովում են Լեռնային Ղարաբաղում խաղաղությունը, ռուս սահմանապահները ներկա են նաև հայ-ադրբեջանական սահմանին: Խոսելով Հայաստանի տարածքում ԵՄ դիտորդական առաքելության տեղակայման մասին՝ Զախարովան ընդգծել է, որ Բրյուսելի նպատակը տարածաշրջանի անվտանգային համակարգը փոփոխելն է:
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը նշել է. «Մենք բաց ենք հայ գործընկերների հետ երկխոսության համար՝ քննարկելու Հարավային Կովկասում անվտանգության ապահովման մեխանիզմների կատարելագործման հարցը՝ ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձևաչափերում, այդ թվում՝ ՀԱՊԿ շրջանակում»:
Նա նաև տեղեկացրել է, որ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը փետրվարի 16-ին հանդիպում կանցկացնի ԱՊՀ-ի, ՀԱՊԿ-ի, ԵԱՏՄ-ի և Միութենական պետության գործադիր կառույցների ղեկավարների հետ։ Օրակարգում կլինեն միջազգային և տարածաշրջանային հարցեր։