Այսօր ԿԸՀ նախագահը հյուրընկալել է ԱՄՆ ՄԶԳ Եվրոպայի և Եվրասիայի գրասենյակի քաղաքական գործընթացների ավագ խորհրդական Մայքլ Հեննինգին և ԱՄՆ ՄԶԳ Հայաստանի Ժողովրդավարության և Կառավարման գրասենյակի փոխտնօրեն Անահիտ Խաչատրյանին։ Այս մասին հայտնել են Կենտրոնական ընտրական հանձնաժողովից:
Վահագն Հովակիմյանը հանդիպման սկզբում շնորհակալություն է հայտնել հյուրերին՝ ընդգծելով ԱՄՆ ՄԶԳ դերակատարությունը Հայաստանի ժողովրդավարության զարգացման գործում։
ԿԸՀ նախագահը համաձայնել է Մայքլ Հեննինգի դիտարկմանը, որ միջազգային հանրության կողմից վերջին տարիներին անցկացված հայաստանյան ընտրությունները արժանացել են դրական գնահատականի, սակայն հաջողված ընտրությունները երաշխիք չեն ժողովրդավարության անշրջելիության համար։
«Այս տեսանկյունից մեզ համար շատ կարևոր է ընտրական համակարգի կարողությունները զարգացնել այնպես, որպեսզի ժողովրդավարությունն այլևս անշրջելի իրողություն դառնա Հայաստանում, և հաջողված ընտրությունները դառնան սովորական երևույթ։ Դեռևս նախորդ տարի ձևավորված ԿԸՀ-ի առաքելությունը հենց դա է»,- հավելել է Վահագն Հովակիմյանը։
Հանդիպման ընթացքում քննարկվել են ԿԸՀ տեսլականն ու առաջնահերթությունները, և ԱՄՆ ՄԶԳ ներկայացուցիչներն հայտնել են իրենց պատրաստակամությունն աջակցելու ԿԸՀ ծրագրերին։