«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սարգիս Խանդանյանն Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ ընտրվեց 68 կողմ ձայնով: Մինչև այս հանձնաժողովը նախագահում էր «Քաղաքացիական պայմանագրից» Էդուարդ Աղաջանյանը: Նա հրաժարականի դիմում էր ներկայացրել հունվարի 27-ին:
ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆ-ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆ ՓՈԽԱԴԱՐՁ ՄԵՂԱԴՐԱՆՔՆԵՐ
Ծափերին նախորդել են բանավեճ ու փոխադարձ մեղադրանքներ: Խանդանյանի թեկնածության քննարկման ժամանակ ընդդիմությունը հայտարարեց, որ Հայաստանի ռազմաքաղաքական ղեկավարությունը ձախողել է բոլոր դաշնակիցների ու բարեկամների հետ հարաբերություններում։
Արթուր Խաչատրյան («Հայաստան» խմբակցության պատգամավոր) - Այո, հաստատում եմ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն միտքը, որ Եվրոպայում Հայաստանին սկսել են խեթ նայել: Ավելին՝ ոչ միայն Եվրոպայում, այլև Իրանում, Ռուսաստանում, դատելով ամեն ինչից՝ նաև ԱՄՆ-ում:
Ազգային ժողովի նախագահն էլ ընդդիմադիր գործընկերներին հորդորեց հեռանալ քաղաքականությունից և ճանապարհ բացել նոր ընդդիմության համար: Սիմոնյանի գնահատմամբ՝ Հայաստանի ամենամեծ վնասներից մեկը խորհրդարանական ընդդիմությունը` «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցություններն են:
Ալեն Սիմոնյան (ՀՀ ԱԺ նախագահ) - Դո՛ւրս եկեք քաղաքականությունից, դուք սպառել եք ձեր քաղաքական օրակարգը՝ անընդհատ այդ նույն սկավառակը պտտեցնելով, անընդհատ նույն բաները մեր մասին ասելով: Հասկացանք, ասացիք մի հարյուր անգամ, դո՛ւրս եկեք, թողեք թող առողջ ուժերը գան: Հետագայում, եթե մենք էլ ընտրություններում կրվենք, իշխանությունը կհանձնենք իրենց և հանգիստ սրտով կհեռանանք, քանի որ մեր նպատակն է ՀՀ-ում մեր կողմից ներդրված ազատ ընտրություններով, թափանցիկ ընտրություններով իշխանությունը փոխանցել մեկ այլ ուժի, շնորհավորել այդ իշխանությանը և հեռանալ: Բայց քանի դեռ դուք կաք, դա անհնար է դառնում:
ԱՌԱՋԱՐԿՎՈՒՄ Է ՈՒԺԵՂԱՑՆԵԼ ՓՈՂՈՑԱՅԻՆ ԱՌԵՎՏՐԻ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԸ
Վերադառնալով օրակարգային հարցերին՝ կառավարությունն առաջարկում է ուժեղացնել փողոցային առևտրի դեմ պայքարը, այս պահին` միայն Երևանում: Սահմանված պահանջների խախտմամբ առևտուր իրականացնելու դեպքերում ոչ միայն տուգանք կլինի, այլև լրացուցիչ վարչական տույժ կսահմանվի:
Վաչե Տերտերյան (ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ) - Մենք շատ հաճախ տեսնում ենք, որ ամբողջական տարածքներ ինքնաբերաբար վերածվում են առևտրի վայրերի, և հակասանիտարական ու հակահիգիենիկ պայմաններում վաճառում են ոչ միայն սննդամթերք, այլ նաև իր հատկությունները շատ արագ կորցնող սննդամթերք, նաև՝ տնտեսական ապրանքներ և այլ տեսակի պարագաներ:
Փոխնախարարի խոսքով՝ միայն Երևանում 2019-21 թվականներին բացօթյա առևտուր իրականացնելու փաստով կազմվել է ավելի քան 3500 վարչական իրավախախտման արձանագրություն, սակայն տուգանքների գանձումները մոտ 3 անգամ ավելի քիչ են եղել, քանի որ համայնքները տուգանելու համար բավարար գործիքակազմ չունեն: Տերտերյանը նշեց, որ Երևանի շուկաներում ազատ տեղեր կան, որոնք կարող են զբաղեցնել փողոցային առևտրով զբաղվողները:
ԲԱՑՕԹՅԱ ՎԱՅՐԵՐՈՒՄ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳՈՒՄ
Մեկ այլ փոփոխությամբ էլ պետք է կանոնակարգել բացօթյա վայրերում ստեղծագործական, մշակութային գործունեություն իրականացնողների աշխատանքը:
Վաչե Տերտերյան - Մենք նախատեսել ենք, որ իրավասություն կվերապահենք համայնքի ավագանուն` սահմանել կանոնակարգ, համաձայն որի՝ այս գործունեությամբ զբաղվող անձինք կկարողանան որոշակի տեղերում, որոշակի ժամերին, որոշակի կանոնակարգով իրենց գործունեությունն իրականացնել:
Համայնքի կամ բնակավայրի առանձնահատկություններից ելնելով՝ կսահմանվեն կանոններ, խախտողները կենթարկվեն վարչական պատասխանատվության՝ աշխատավարձի 100-200-ապատիկի չափով, իսկ կրկնվելու դեպքում՝ 500-800-ապատիկի չափով:
ԳԵՏԵՐԻՑ ԱՐԴՅՈՒՆԱՀԱՆՈՂ ՏԵԽՆԻԿԱՆ՝ GPS ՀԱՄԱԿԱՐԳՈՎ. ՆԱԽԱԳԻԾ
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը նաև Հայաստանը և Թուրքիան սահմանազատող Արաքս գետի ավազանից ավազի ապօրինի արդյունահանման դեպքերը կանխող օրենքը ներկայացրեց: Գետի հունի փոփոխությամբ առաջացող սահմանային փոփոխությունները չեզոքացնելու համար առաջարկվող այս նախագծով ոչ միայն Արաքսից, այլև մնացյալ գետերից արդյունահանում իրականացնող տեխնիկան պետք է ունենա GPS համակարգ: Եթե տնտեսվարողները չկատարեն օրենքի պահանջը, կզրկվեն ընդերքօգտագործման իրավունքից:
Հեղինակ` Անի Օհանյան