Մայրաքաղաքի Խորենացու 24 հասցեում գործող «Ոսկու աշխարհը» առավոտից փակ է: Պատճառը, ըստ քաղաքաշինության տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի՝ շենք-շինությունները հրդեհային անվտանգության նորմերի բազմաթիվ թերություններով, խախտումներով շահագործելն է: Տեսչականը վարչական վարույթ է կազմել, որոշել անհապաղ կասեցնել գործունեությունը. թերություններն է թվարկում կառույցի հանրային կապերի բաժնի պետը:
Ելենա Զոհրաբյան (ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմնի հանրային կապերի բաժնի պետ)- Մասնավորապես, էլեկտրատնտեսությունը մոնտաժված չի եղել նորմերին համապատասխան, 3 և ավելի հարկ ունեցող տնտեսությունը պետք է սարքավորված լինի հրդեհաշիջման ինքնաշխատ համակարգով: Մեծ մասում բացակայել են դրանք, խնդիր է եղել նաև տարհանման ելքերի հետ կապված:
Տեսչական մարմինը «Վաղարշ և որդիներ» կոնցեռնում հրդեհատեխնիկական հետազոտություն սկսել էր դեռ 2021-ի օգոստոսին, խախտումները արձանագրել, վերացման համար կարգադրագիր ու ժամանակ էր տրվել մինչև 2022-ի հոկտեմբերը:
Այսինքն՝ մեկ տարի և ավելի ժամանակ են ունեցել թերությունները վերացնելու համար, բայց չե՞ն արե՞լ:
Ելենա Զոհրաբյան - Արվել են ոչ այն ծավալով և որակով, որ սահմանվում է հստակ նորմերով, և հրդեհի առաջացման ռիսկը այս պահին էլ պահպանվում է:
«Ոսկու աշխարհի» տնօրենը որոշման մասին ծանուցվել է, կբացվի այն ժամանակ, երբ տեսչականի արձանագրած բոլոր խախտումները վերացվեն: Թերություններն ընդունում են, ընկերության իրավաբանի փոխանցմամբ՝ այս ուղղությամբ արդեն ակտիվ աշխատում են:
Սամվել Պետրոսյան («Վաղարշ և որդիներ կոնցեռն» ընկերության իրավաբան) - Մենք անընդհատ իրականացնում ենք բոլոր տեսակի համակարգերի վերազինում, արդիականացում, և քանի որ խախտումները հիմնականում դրանց հետ են կապված, հիմա տեղադրում ենք բացակայող վայրերում, որպեսզի բոլոր թերությունները շատ սուղ ժամկետում վերացնենք: Նախատեսվում է այսօր ավարտել բոլոր աշխատանքները, և վաղն արդենը, հույս ունենք, առևտրային կենտրոնը նորից կվերաբացվի, կաշխատի:
Ելենա Զոհրաբյանի խոսքով՝ Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի աշխատակիցները վերջին օրերին կրկնակի, եռակի ծանրաբեռնվածությամբ են աշխատում: «Մալաթիա տոնավաճառի» փակվելուց հետո բազմաթիվ են ձեռնարկատերերը, որոնք դիմում են՝ անհրաժեշտ խորհրդատվություն ստանալու, թերությունները շտկելու, վերացնելու համար: