Գլխավոր դատախազությունն առաջարկում է Ազգային ժողովին` համաձայնություն տալ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Չարչյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն: Աննա Վարդապետյանը խորհրդարանին ներկայացրեց, որ Չարչյանը, որպես փորձագետ, տվել է կեղծ եզրակացություն: Խոսքը ՊՊԾ գունդը գրավելու գործով մեղադրյալ, «Հաց բերող» անունով հայտնի Արթուր Սարգսյանի մասին է, որը մահացել է 2017 թվականի մարտին:
Աննա Վարդապետյան (ՀՀ գլխավոր դատախազ) - 2016 թվականի դեկտեմբերի 30-ին Հատուկ քննչական ծառայությունում Քրեակատարողական վարչությունից ստացվել է բժշկական կոնսիլիումի եզրակացությունը, համաձայն որի՝ Արթուր Սարգսյանի մոտ ախտորոշվել է «Բեխտերևի» հիվանդություն, խրոնիկ պրոգրեսիվ ընթացքով, հենաշարժական համակարգի ֆունկցիայի զգալի խանգարումով»: Հաշվի առնելով, որ կոնսիլիումի եզրակացությամբ Արթուր Սարգսյանի մոտ հայտնաբերվել է այնպիսի հիվանդություն, որը նվազեցնում է վերջինիս կողմից քննությունից խուսափելու, նոր հանցանք կատարելու հավանականությունը, նույն օրը որոշում է կայացվել նրա նկատմամբ կիրառված խափանման միջոց կալանավորումը չհեռանալու մասին ստորագրությամբ փոփոխելու վերաբերյալ:
Ավելի ուշ Արթուր Սարգսյանը կրկին կալանավորվել է՝ իր նկատմամբ կիրառված ստորագրություն չհեռանալու մասին խափանման միջոցի պայմանները խախտելու հիմքով: Կալանավորվելուց հետո տեղափոխվել է «Դատապարտյալների հիվանդանոց»: Հետագայում վիճակը բարդացել է, նրան տեղափոխել են Արմենիա ԲԿ, վիրահատել: Սարգսյանի հիվանդությունները, այդ թվում` Բեխտերևի հիվանդությունը, Կառավարության 2006 թվականի որոշմամբ ընդգրկված են պատիժը կրելուն խոչընդոտող ծանր հիվանդությունների ցանկում: Ըստ Վարդապետյանի՝ Արթուր Սարգսյանի առողջական վիճակի մասին եզրակացությունը կասկած է հարուցել, և մի շարք հարցեր պարզաբանելու նպատակով նշանակվել է կրկնակի դատաբժշկական փորձաքննություն, որը պետք է իրականացվեր «Իզմիրլյան» բժշկական կենտրոնում: Արթուր Սարգսյանը հրաժարվել է կրկնակի փորձաքննությունից:
Աննա Վարդապետյան - Նախաքննության ընթացքում Արմեն Չարչյանը ցուցմունք է տվել, ասել, որ Արթուր Սարգսյանի վերաբերյալ ներկայացված բժշկական փաստաթղթերի ուսումնասիրությունից հնարավոր է եղել գալ եզրահանգման, որ վերջինիս մոտ առկա «Բեխտերևի» հիվանդությունը չի ունեցել ծանր պրոգրեսիվ ընթացք և չի դասվել պատիժը կրելուն խոչընդոտող ծանր հիվանդությունների շարքին, նշել է՝ հանձնաժողովի եզրակացությունը չէր կարող լինել վերջնական և լիարժեք, քանի որ փորձաքննվողը հրաժարվել է ներկայանալ փորձաքննության, որի պայմաններում կենթարկվեր կլինիկական զննման լաբորատոր գործիքային հետազոտությունների: Քրեական դատավարության օրենսգիրքը, որի համաձայն՝ «փորձագետը պարտավոր է հրաժարվել փորձաքննություն կատարելուց, եթե առաջադրված հարցերը դուրս են գալիս իր հատուկ գիտելիքների շրջանակներից կամ ներկայացված նյութերը բավարար չեն այդ հարցերին պատասխանելու համար` այդ մասին կազմելով եզրակացություն»:
Բժշկական կեղծ եզրահանգում տալու գործով միայն Արմեն Չարչյանը չէ, որ ենթարկվում է քրեական հետապնդման, ներգրավված են նաև հանձնաժողովի մի շարք այլ փորձագետներ: «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արսեն Թորոսյանին ավելի շատ հետաքրքրում էր, թե ով է տվել կեղծ եզրակացություն տալու, իր խոսքով, «պատվերը»:
Արսեն Թորոսյան (ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր) - Փորձագետներն ինքնին որևէ մոտիվ չպետք է ունենային որևէ անձի նկատմամբ իրականացնելու ենթադրյալ կեղծ եզրակացություն տալը: Կա՞, արդյոք, քրեական մյուս հոդվածով՝ հարկադրելու... Այո, ցանկացած մարդ պետք է պատասխան տա, սակայն ամեն ինչ պետք է ամբողջությամբ բացահայտվի:
Վարդապետյանը չբացառեց, որ այս գործով կարող է նաև պաշտոնական լիազորություններն անցնելու հանցակազմը դիտարկվի, քանի որ կարող է լինել ոչ թե մեկ, այլ մի քանի հոգի, սակայն ԱԺ-ում չի ներկայացնի, քանի որ Արմեն Չարչյանին չի վերաբերում: Իսկ Ազգային ժողովը կտա համաձայնություն ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Չարչյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու, թե ոչ՝ պարզ կլինի վաղը՝ փակ գաղտնի քվեարկությունից հետո:
Հեղինակ` Անի Օհանյան