Արցախի կառավարությունը հրապարակել է շրջափակման 60-րդ օրվա տեղեկագիրը փետրվարի 8-ի դրությամբ:
Արցախի քաղաքաշինության նախարարության տվյալներով՝ շրջափակման հետևանքով Արցախում 90-95 տոկոսով նվազել է ընդհանուր շինարարության ծավալը, ինչը պայմանավորված է շինանյութերի պակասով, որոնք մեծ մասամբ ներկրվում էին Հայաստանի Հանրապետությունից:
Գույքագրվել են շինանյութերի խանութներում որոշ ապրանքատեսակներ, սակայն ներկա իրավիճակի երկարաձգման դեպքում առկա չնչին ռեսուրսների սպառումից հետո ամբողջությամբ դադարեցվելու են շինարարական աշխատանքները։
Նշենք, որ 2020 թվականի 44-օրյա պատերազմի հետևանքով տասնյակ հազարավոր արցախցիներ մնացել են առանց կացարանի և մինչ Ադրբեջանի կողմից Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհի արգելափակումը ընթանում էին լայնածավալ շինարարական աշխատանքներ` հիմնականում բռնի տեղահանված անձանց կացարանով ապահովելու նպատակով։
Օրվա վիճակագրական թարմացումներ
-
9 երեխա գտնվում է մանկական հիվանդանոցի նորածնային և վերակենդանացման բաժանմունքներում:
-
7 չափահաս բուժառու գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, որոնցից 3-ը ծայրահեղ ծանր վիճակում է։
-
Արդեն 220 երեխա ծնվել է շրջափակման մեջ:
-
Արցախի բոլոր բուժհաստատություններում պլանային վիրահատությունների դադարեցման պատճառով մոտ 610 քաղաքացի զրկվել է վիրահատվելու միջոցով առողջական խնդիրների լուծման հնարավորությունից։
-
Մինչ այսօր Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ Արցախից Հայաստան է տեղափոխվել 76 հիվանդ՝ համապատասխան բուժում ստանալու համար։
-
Ստեղծված տնտեսական բարդ իրավիճակի պատճառով, նախնականորեն, առնվազն 5 100 մարդ կորցրել է աշխատանքը և եկամտի աղբյուրը։