Ազգային ժողովն այսօր շարունակել է Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահի ընտրության հարցի քննարկումը: Նշենք, որ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունն այդ թափուր պաշտոնում ընտրվելու համար առաջադրել է Սարգիս Խանդանյանի թեկնածությունը:
ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անունից ելույթ է ունեցել Հայկ Կոնջորյանը: Խմբակցության ղեկավարն անդրադարձել է ներքաղաքական հարցերին, իշխանություն-ընդդիմություն հարաբերություններին և ընդդիմադիր գործընկերների ելույթներին` քննադատելով նրանց գործելաոճը:
Հայկ Կոնջորյանը հայտնել է, որ խմբակցությունը, բարձր գնահատելով Սարգիս Խանդանյանի կարողությունները, գիտելիքներն ու փորձը, կողմ է քվեարկելու նրա թեկնածությանը:
Եզրափակիչ ելույթում Սարգիս Խանդանյանը շնորհակալություն է հայտնել իր թեկնածությունն առաջադրելու համար` հավաստիացնելով, որ ընտրվելու պարագայում առաջնորդվելու է Հայաստանի պետական շահերի, անկախության և ինքնիշխանության պաշտպանության սկզբունքներով, փորձելու է վարել նախաձեռնողական և հաշվետու գործունեություն: