Գործադիրը փոփոխություններ և լրացումներ է առաջարկում Քրեական դատավարության օրենսգրքում և «Դատախազության մասին» օրենքում: Կարգավորումներն ԱԺ-ի այսօրվա նիստում քննարկվել են առաջին ընթերցման ընթացակարգով: Այս մասին տեղեկացնում է ԱԺ պաշտոնական կայքը:
ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Լևոն Բալյանը նշել է, որ Քրեական դատավարության օրենսգրքով առաջարկվում են կարգավորումներ դատախազական խմբի ստեղծման, խմբի ղեկավարի և անդամների լիազորությունների վերաբերյալ: Փոփոխությունների անհրաժեշտությունը բխում է այն հանգամանքից, որ ե՛ւ Քրեական դատավարության օրենսգիրքը, ե՛ւ «Դատախազության մասին» օրենքը նախատեսում են դատախազական խմբի ստեղծման հնարավորություն, սակայն գործնականում չեն կարգավորում խմբի գործունեությունը:
«Դատախազության մասին» օրենքում առաջարկվում է վերանայել դատախազության պաշտոնների դասակարգումը, դատախազների ծառայողական առաջխաղացման ցուցակների և դատախազներին պաշտոնի նշանակելու կարգին վերաբերող հոդվածները:
Հաջորդ փոփոխությունը վերաբերում է դատախազության կողմից բացառիկ դեպքում համայնքային շահերի պաշտպանության հայցի հարուցմանը, մասնավորապես, առաջարկվում է «պետական շահեր» եզրույթում պետական բառից հետո լրացնել «համայնքային» բառը:
Առաջարկվում է հստակեցնել դատախազների թեկնածուների ցուցակում ընդգրկվելուն հավակնող անձին ներկայացվող պահանջները: Գործնականում լինում են իրավիճակներ, երբ դատախազների թեկնածուների ցուցակը համալրելու նպատակով անցկացվող մրցույթին մասնակցելու հայտ է ներկայացնում անձ, որի 22 տարին լրանալու է երկու ամսից: Տվյալ իրավիճակում օրենքը չի պարունակում հստակ կարգավորումներ՝ տվյալ անձը կարո՞ղ է մասնակցել մրցույթին, թե՝ ոչ: Օրենքով 22 տարին լրացած լինելը վերաբերում է դատախազ նշանակելու ընդհանուր պահանջներին, այլ ոչ թե մրցույթին մասնակցելու հնարավորությանը:
Առաջարկվում է նաև Գլխավոր դատախազին առընթեր որակավորման հանձնաժողովի կազմում կատարել որոշակի փոփոխություններ՝ հանձնաժողովում նախկին երեքի փոխարեն ընդգրկելով չորս իրավաբան-գիտնականների և հանձնաժողովի կազմից հանելով Արդարադատության ակադեմիայի ռեկտորին: Հաշվի է առնվել այն հանգամանքը, որ որակավորման հանձնաժողովն առանցքային դերակատարում ունի դատախազների թեկնածուների ցուցակի կազմման և դատախազների ատեստավորման գործընթացում, իսկ Արդարադատության ակադեմիան իրականացնում է դատախազների թեկնածուների ցուցակում ընդգրկված անձանց մասնագիտական պատրաստումը և դատախազների վերապատրաստումը: Փոխնախարարի համոզմամբ նման պայմաններում կարող են առաջանալ շահերի բախման իրավիճակներ: Նախատեսվում է սահմանել նաև հանձնաժողովի անդամների լիազորությունների վաղաժամկետ դադարեցման և դադարման կարգը:
Առաջարկվում է դատախազ նշանակելու սահմանափակումների, պաշտոնից ազատման հիմքերի ցանկից հանել քրեական հետապնդումը ոչ արդարացնող հիմքով իրականացված չլինելու դրույթը՝ թողնելով միայն ոչ արդարացնող հիմքով քրեական հետապնդումը դադարեցված լինելու հիմքը:
Առաջարկվում է լրացումներ կատարել անմիջական վերադաս դատախազի կողմից ստորադաս դատախազի վարույթից գործը մեկ այլ դատախազի կամ իր վարույթ տեղափոխելու հիմքում՝ դրանց շարքում ներառելով երկու նոր հիմք՝ ստորադաս դատախազի աշխատանքային ծանրաբեռնվածությունը և նրա՝ ՀՀ դատախազության այլ ստորաբաժանում տեղափոխվելը:
ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը ներկայացրել է դրական եզրակացություն. այս մասին հայտնել է նախագահ Վլադիմիր Վարդանյանը: Նախագիծը հանձնաժողովում մանրամասն քննարկվել է, առաջինից երկրորդ ընթերցման ընթացքում կիրականացվեն համապատասխան լրամշակումներ: Վլադիմիր Վարդանյանի խոսքով փոփոխությունները վերաբերում են առկա կարգավորումների հստակեցմանն ու ներքին հակասությունների վերացմանը:
Պատգամավորները հարցուպատասխանի և ելույթների ընթացքում անդրադարձել են Արդարադատության ակադեմիայի ռեկտորին որակավորման հանձնաժողովի կազմից հանելուն, հանրային և պետական շահ եզրույթների հարաբերակցությանը, դատախազների առաջխաղացման ցուցակներին, պաշտոնից ազատման հիմքերին, դատական ակտերի վիճարկմանը և այլ հարցերի:
ԱԺ «Հայաստան» խմբակցության անունից ելույթ ունենալով՝ Արծվիկ Մինասյանը կարծիք է հայտնել, որ համայնքային շահը հանրային շահի մաս է, պետական շահից դուրս է: Նա մտահոգություն է հայտնել նաև դատախազի կողմից դատական ակտերի վիճարկման հնարավորության մասով: Խմբակցության քարտուղարի գնահատմամբ բազմաթիվ են դեպքերը, երբ դատախազությունն անհարկի միջամտում է:
ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության տեսակետը հայտնելիս Վլադիմիր Վարդանյանը նշել է, որ ՏԻՄ մարմիններում չարաշահումները շատ են, և քաղաքացիների դժգոհությունները հաճախ հենց այս մարմիններից է: «Տեղական մարմիններն անկախ են կենտրոնական մարմիններից, բայց պետությունից էլ են անկա՞խ: Ինչո՞ւ ենք առարկում, որ համայնքի բնակչությունը լրացուցիչ լծակ ունենա՝ պահանջելու դատախազությունից որոշակի միջոցների ձեռնարկելու»,- նման հարց է հնչեցրել պատգամավորը՝ անդրադառնալով որոշ մտահոգությունների:
Եզրափակիչ ելույթում ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Լևոն Բալյանն անդրադարձել է հնչած հարցերին և առաջինից երկրորդ ընթերցում ընկած ժամանակահատվածում համագործակցելու պատրաստակամություն է հայտնել: