Ներկայացված օրենսդրական նախաձեռնությունը թիրախային է և վերաբերում է ավարտված շինարարական օբյեկտն առանց շահագործման թույլտվության ձևակերպման շահագործելուն: Փետրվարի 9-ի ԱԺ հերթական նիստում այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ առաջին ընթերցմամբ ներկայացնելով «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը:
Վաչե Տերտերյանի ներկայացմամբ՝ նման դեպքում կնշանակվի տուգանք՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկից մինչև յոթհարյուրապատիկի չափով, իսկ նույն վարքագիծը շարունակելու դեպքում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հազարապատիկից մինչև հազարհինգհարյուրապատիկի չափով:
«Խոսքը վերաբերում է բազմաբնակարան խոշոր շինարարությանը, որովհետև օրենսդրությամբ նկարագրված միայն այդ օբյեկտների համար է, որ առաջանում է շահագործման թույլտվության անհրաժեշտություն»,- մանրամասնել է հիմնական զեկուցողը: Ըստ նրա` նախագծի ընդունումն էապես կնպաստի շինարարության թույլտվության հիման վրա կառուցվող օբյեկտների` առանց համապատասխան շահագործման թույլտվության առկայության փաստացի շահագործման դեպքերի կանխարգելմանը:
Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Հայկ Ցիրունյանը ներկայացրել է գլխադասային հանձնաժողովի դրական եզրակացությունը: