ԶՈՒ ԱՏԵՍՏԱՎՈՐՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՆԵՐԴՐՈՒՄԸ ՄՏՆՈՒՄ Է ԳՈՐԾՆԱԿԱՆ ՓՈՒԼ
Զինված ուժերում ատեստավորման համակարգի ներդրումը մտնում է գործնական փուլ: Կառավարությունը հաստատեց կարգը, որը վերաբերելու է մարտական խնդիր իրականացնող, պլանավորող կամ վերահսկող պաշտոնների սպայական, ենթասպայական և շարքային կազմերին: Ատեստավորումն ինչպես որոշվել է՝ կլինի կամավոր, նախարար Պապիկյանը հիշեցրեց՝ այն թույլ է տալու աշխատավարձի կրկնապատկում ունենալ:
Սուրեն Պապիկյան (ՀՀ պաշտպանության նախարար) - Ատեստավորումը ներառում է զինծառայողների մասնագիտական գիտելիքների և ծառայողական պարտականությունների իմացության թեստային գնահատումը, ֆիզիկական, կրակային և շարային պատրաստության աստիճանի գործնական գնահատումը:
Թեստում 50 հարց կլինի, ատեստավորված կհամարվի առնվազն 35-ին ճիշտ պատասխանած, նաև ֆիզիկական, կրակային և շարային պատրաստությունից լավ գնահատական ստացած զինծառայողը:
Սուրեն Պապիկյան - Եթե շարքային պայմանագրային ու ենթասպայական պայմանագրայինների համար հավելավճարը կազմելու է 345 հազար դրամ, հարկերը ներառյալ, ապա սպայական կազմի համար այն կազմում է 420 հազար դրամ և, կախված պաշտոնական սանդղակից ու դրույքաչափից, աշխատավարձերը ավելանալու են:
Ձախողելու դեպքում յուրաքանչյուր զինծառայող տարեկան երկու անգամ հնարավորություն կունենա ատեստավորում անցնել: Առաջիկայում բոլորին կտրամադրեն մասնագիտական նյութերը, երեք ամիս կտան պատրաստվելու համար՝ ասաց նախարարը: Կարևորելով բարեփոխումը՝ վարչապետն էլ նշեց՝ պետք է համոզված լինենք, որ զինվորական համազգեստ կրող անձը համապատասխանում է կոնկրետ չափանիշների: Անհրաժեշտ է վերանայել նաև գնահատման սանդղակը, իսկ վերահսկողությունը ապահովելու համար ատեստավորման ընթացքին ներգրավել ոչ միայն զինված ուժերին:
Նիկոլ Փաշինյան (ՀՀ վարչապետ) - Իհարկե, չենք կարող բանակի դեպքում ասել, որ դա տեղի կունենա թափանցիկ, բայց ատեստավորման գործընթացում նաև կներգրավվեն այլ գերատեսչությունների, գուցե կազմակերպությունների ներկայացուցիչներ, մեր խորհրդարանական գործընկերները, որ վստահ լինենք, որ այն որակական չափանիշները, որոնք մենք սահմանել ենք, պահպանվում են:
Վարչապետը նաև տեղեկացրեց՝ որոշվել է առողջապահության ապահովագրության նոր համակարգի մասնակից դարձնել ատեստավորումն անցած ու բարձր աշխատավարձ ստացող զինծառայողներին, որոնք այժմ պետպատվերի շահառու են: Մեկ այլ՝ «Պաշտպան Հայրենյաց» ծրագրի կարգն էլ այսօր հաստատվեց չզեկուցվող փաթեթով: 6 ամիս ծառայող ժամկետայինը կարող է անցնել ատեստավորում ու 5 տարով դառնալ պայմանագրային՝ ստանալ աշխատավարձ, իսկ ծառայության ավարտին՝ 5 միլիոն դրամ աջակցություն: Նախարարը զեկուցեց՝ հանձնարարականը կատարված է, այս ծրագրի դիմողների համար աշխատավարձը կրկնապատկված է:
Սուրեն Պապիկյան - Աշխատավարձը կրկնապատկելով՝ սահմանել ենք 422 հազար դրամ՝ մարտական հերթապահություն իրականացնելու պարագայում:
Պրոֆեսիոնալ բանակի անցման համար սա կարևոր որոշում է՝ ընդգծեց վարչապետը:
Նիկոլ Փաշինյան - Պրոֆեսիոնալ բանակ երբ ասում ենք, երբեք նկատի չի առնվում, որ ընդհանարապես որևէ ժամկետային զինծառայություն չի լինելու, մենք ասել ենք, որ ժամկետային զինծառայության բովանդակությունն ու կառուցվածքը պիտի փոխվեն, և պետք է անցնենք պրոֆեսիոնալ բանակի:
Բանակում 6-ամսյա ժամկետային ծառայություն անցնելու հնարավորություն կտվի նաև կանանց: Օրինագիծն արդեն շրջանառվում է՝ զեկուցեց նախարարը: Ծրագիրը կլինի կամավոր: Պապիկյանի կանխատեսմամբ՝ կսկսի գործել հաջորդ ձմեռային զորակոչից:
ԱԱԾ-ՈՒՄ ՆՈՒՅՆՊԵՍ ԿՆԵՐԴՐՎԻ ԿԱՄԱՎՈՐ ԱՏԵՍՏԱՎՈՐՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳ
Ատեստավորման համակարգը նաև ազգային անվտանգության ծառայության վրա կտարածվի: Օրենքի փոփոխությանը գործադիրը հավանություն տվեց, հարցն անհետաձգելի համարեց: Իրավապահ կառույցի տնօրենի խոսքով՝ սա ավելի բարձր վարձատրություն ունենալու լավ հնարավորություն է:
Համակարգը կգործի կամավորության սկզբունքով՝ զեկուցեց Աբազյանը: Վարչապետը կարևորեց որոշումը, ասաց՝ այս փուլում ատեստավորման համակարգը ներդրվում է մարտական ծառայություն իրականացող մարմիններում: Հաջորդը ներքին գործերի նախարարության, պետական պահպանության ծառայության հերթն է լինելու:
ՀԱՍՏԱՏՎԵԼ Է ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ 2023-26 ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ
Զեկուցվող վերջին հարցով էլ հաստատվեց առողջապահության համակարգի 2023-26 թվականների զարգացման ռազմավարությունը: Երկու ուղղություն է թիրախավորված՝ առողջության բարեփոխմանն ուղղված հիմնախնդիրն ու դրանց լուծումները, և երկրորդ՝ համակարգի խնդիրները, լուծումները՝ բացատրեց նախարար Ավանեսյանը:
Անահիտ Ավանեսյան (ՀՀ առողջապահության նախարար) - Մեր ռազմավարության հիմնական նպատակն է՝ բարելավել բնակչության առողջության պահպանումը և շեշտադրումը, փոխել հիվանդաբուժությունից դեպի առողջության պահպանում, բարելավում, կյանքի սպասվելիք միջին տևողության աճ, կյանքի որակի բարելավում:
Որակյալ բուժօգնություն ծննդյան օրվանից մինչև կյանքի ավարտ՝ շեշտեց նախարարը, առանձնացրեց տարեցների առողջության հարցերը. դրանց հատուկ տեղ է տրված: Ժողովրդագրական միտումներն հաշվի առնելով՝ ասաց, պետք է աշխատել այսօրվանից ավելի առողջ ծերացող բնակչության ունենալու համար: Ավանեսյանի խոսքով՝ կարևորվել է համակարգի թվայանացումը, հստակ գործողությունների պլան է մշակվել՝ հստակ թիրախներով:
Կվերանայվի ծառայությունների բովանդակությունը, մասնագիտական ռեսուրսների նկատմամբ հստակ պահանջներ կսահմանվեն: Ռազմավարության ընդունումը կարևորելով՝ վարչապետն էլ ընդգծեց՝ առաջիկա անելիքների մասին սա համապարփակ պատկերացում կտա: Որպես ռազմավարության հիմնասյուն՝ առանձնացրեց առողջապահության ապահովագրությունը և կաբինետին հանձնարարեց. «Շատ կարևորում եմ, որ առողջապահության ապահովագրման վերաբերյալ, եկամուտների համընդհանուր հայտարարգրման վերաբերյալ, ռազմավարական այս մեծ նշանակություն ունեցող բարեփոխումների մասին հանրության հետ ռազմավարական կոմունիկացիա տեղի ունենա, որ մարդիկ մանրամասն տեղեկանան, թե ինչ է արվում, ինչ ժամանակացույցով, ինչի համար, ինչ նպատակով, և ինչ արդյունքների է հանգեցնելու այս ամենը»:
Այս հարցում պետք է ակտիվ լինել. Նիկոլ Փաշինյանը շեշտեց՝ ճիշտ հաղորդակցությունը ռազմավարությունների բարեհաջող իրականացման կարևոր բաղադրիչներից է: