Գործադիրը հավանություն է տվել «Հայաստանի Հանրապետության միջուկային անվտանգության կարգավորման կոմիտեի և Ամերիկայի Միացյալ Նահանգների միջուկային կարգավորող հանձնաժողովի միջև միջուկային անվտանգության հարցերով տեխնիկական տեղեկատվության փոխանակման և համագործակցության մասին» համաձայնագրի ստորագրման առաջարկությանը:
Ըստ հիմնավորման՝ համաձայնագիրը վերաստորագրվել է 2007 և 2017 թվականներին, որի շրջանակներում Հայաստանը ստացել է աջակցություն մի շարք ուղղություններում: Մասնավորապես՝ անձնակազմի պատրաստում և վերապատրաստում, փորձագիտական աջակցություն, ժամանակակից սարքերի և սարքավորումների տրամադրում և այլն:
2021 թվականի դեկտեմբերին կոմիտեն ԱՄՆ ՄԿՀ-ից ստացել է նոր Համաձայնագիր ստորագրելու առաջարկ, որը, նախորդ համաձայնագրերով ամրագրված ուղղություններից բացի, ընդլայնում է համագործակցությունը ատոմային էներգիայի օգտագործման բնագավառի միջուկային ու ճառագայթային անվտանգության կարգավորման հարցերով։
Նոր համաձայնագիրը կնպաստի անվտանգության հարցերով առաջավոր փորձի ու գիտելիքների փոխանակմանը, նոր տեխնոլոգիաների ներդրմանը։ Համաձայնագրով առաջարկվող համագործակցությունն ուղղված է Հայաստանում կարգավորող ենթակառուցվածքի ուժեղացմանը, անձնակազմի ունակությունների ու կարողությունների զարգացմանը, որը կնպաստի ԱԷԿ-ների շահագործման ժամկետի երկարացմանը, Հայաստանում նոր ԱԷԿ-ի կառուցման լիցենզավորման փուլերում անվտանգության վերլուծության ու գնահատման իրականացմանը։
Համաձայնագրով ստացված գիտատեխնիկական աջակցությունը կնպաստի ֆիզիկական պաշտպանության, միջուկային զենքի չտարածման երաշխիքների իրականացման, ռադիոակտիվ նյութերի և թափոնների անվտանգության, շրջակա միջավայրի մոնիթորինգի իրականացման, անվտանգությունը կարգավորող փաստաթղթերի մշակման համար։