Թուրքիայում և Սիրիայում ավերիչ երկրաշարժի զոհերի թիվը գերազանցում է 16 000-ը: Թուրքիայում զոհվել է 13 000-ից ավելի մարդ, վիրավորների թիվը հատել է 63 000-ը: Սիրիայում վերջին տվյալով զոհվել է շուրջ 3000 մարդ, վիրավորների թիվը հատում է 5000-ը: Դեռևս արձանագրվում են հետցնցումներ: Լրատվամիջոցների տվյալով՝ երկրաշարժ է գրանցվել Մուշ և Էրզրում քաղաքներում, ավերածությունների մասին տեղեկություններ չկան:
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունից հայտնել են, որ երկրաշարժի պատճառով տուժել է շուրջ 23 միլիոն մարդ, այդ թվում՝ 1,4 միլիոն երեխա։ Կարմիր խաչից էլ մտահոգություն են հայտնել, որ երկրաշարժից հետո Սիրիայում փլատակների տակ ավելի շատ մարդ կարող է մնալ, քան Թուրքիայում, ինչը պայմանավորված է Սիրիայում որոնողափրկարարական աշխատանքների համար անհրաժեշտ տեխնիկայի ոչ բավարար քանակով:
Ավելի վաղ՝ Թուրքիայի ԱԳ նախարարը տեղեկացրել է, որ շուրջ 90 երկիր և միջազգային կազմակերպություն, այդ թվում՝ ԵՄ-ն, ՄԱԿ-ը, Ուկրաինան, Իրանը, Հունաստանը, օգնություն են առաջարկել երկրաշարժի հետևանքների հաղթահարման համար:
Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսը հայտարարել է, որ Աթենքը գործակցում է թուրքական իշխանությունների հետ, հիշեցրել է՝ Հունաստանն առաջիններից էր, որ պատրաստակամություն հայտնեց օգնել բարեկամ Թուրքիային։ «Այսօր հակամարտությունների ժամանակը չէ։ Հարկավոր է փրկել փլատակների տակ մնացած մարդկանց»,- ընդգծել է նա:
Իշխանությունները և լրատվամիջոցները հայտնում են, որ երկրաշարժից հետո շատացել են թալանի դեպքերը։ Թուրքիայում կողոպտիչները խանութներից և տներից դուրս են բերում սնունդ, տեխնիկա և կահույք։
ԶԵԼԵՆՍԿԻՆ ԱՅՑԵԼԵԼ Է ԼՈՆԴՈՆ ԵՎ ՓԱՐԻԶ
Ուկրաինայի նախագահը ռուս-ուկրաինական պատերազմի սկզբից ի վեր երկրորդ անգամ լքել է Ուկրաինայի տարածքը: Նախորդ տարվա դեկտեմբերին նա մեկնել էր Վաշինգտոն, իսկ երեկ՝ Լոնդոն և Փարիզ։ Մեծ Բրիտանիայի վարչապետ Ռիշի Սունակի հետ հանդիպմանը Վոլոդիմիր Զելենսկին անդրադարձել է պաշտպանական ոլորտում Կիև-Լոնդոն գործակցությանը։ Բրիտանական կողմը հայտարարել է, որ կուժեղացնի Ուկրաինայի հակաօդային պաշտպանության համակարգը,կտրամադրի զրահատեխնիկա և հեռահար զինատեսակներ, ինչպես նաև կվերապատրաստի ուկրաինացի օդաչուներին: Երկու երկրի ղեկավարները քննարկել են նաև Ուկրաինային մարտական ինքնաթիռների մատակարարման հնարավորությունը: Զելենսկին ընդգծել է, որ իր երկրին ինքնաթիռներ են հարկավոր, դրանք Ուկրաինայի ազատության թևերն են: Մարտական ինքնաթիռների հարցը Զելենսկին քննարկել է նաև Չարլզ III-ի հետ, խոսել այդ մասին բրիտանական խորհրդարանի ամբիոնից:
Լոնդոնյան հանդիպումներից հետո Զելենսկին մեկնել է Փարիզ, խորհրդակցություններ անցկացրել Ֆրանսիայի նախագահի և Գերմանիայի կանցլերի հետ։ Էմանուել Մակրոնը և Օլաֆ Շոլցը վստահեցրել են, որ կշարունակեն Կիևին ռազմական աջակցությունը։ Կողմերը քննարկել են Ուկրաինային անհարաժեշտ ռազմական տեխնիկայի հետագա մատակարարումների հարցը, պայմանավորվել ամրապնդել Ուկրաինայի հակաօդային պաշտպանությունը:
Վոլոդիմիր Զելենսկին համոզմունք է հայտնել, որ Ֆրանսիան և Գերմանիան կարող են փոխել իրավիճակը՝ տանկեր, հեռահար զենքեր և ժամանակակից մարտական ինքնաթիռներ տրամադրելով Ուկրաինային: Հանդիպման ավարտին Մակրոնը Վոլոդիմիր Զելենսկիին պարգևատրել է Պատվո լեգեոնի շքանշանով։ Նախատեսվում է, որ այսօր Զելենսկին հանդիպումներ կանցկացնի Բրյուսելում և կմասնակցի Եվրամիության ղեկավարների գագաթնաժողովին:
ԱՐԴԵՆ 120 ՄԼՐԴ ԴՈԼԱՐԻ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ՝ ՆԱՏՕ-Ի ԵՐԿՐՆԵՐԻՑ ՈՒԿՐԱԻՆԱՅԻՆ
ՆԱՏՕ-ի երկրներն արդեն 120 մլրդ դոլարի ռազմական և այլ տեսակի օգնություն են տրամադրել Ուկրաինային՝ Վաշինգտոնում ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ մամուլի ասուլիսում հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը, ընդգծել՝ ՆԱՏՕ-ի առանցքային երկիրը՝ ԱՄՆ-ը, անփոխարինելի դերակատարում ունի այդ հարցում։ Ստոլտենբերգը կարծիք է հայտնել, որ Ռուսաստանը կարող է ցանկացած պահի ավարտել պատերազմը՝ պարզապես դուրս բերելով զորքերը Ուկրաինայի տարածքից:
«Ցավոք, մենք չենք տեսնում, որ Մոսկվան պատրաստվում է խաղաղության, հակառակը՝ ռուսական կողմը նոր հարձակում է նախապատրաստում: Այդ պատճառով մենք պետք է զենք մատակարարենք Ուկրաինային»,- նշել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը՝ հրաժարվելով մեկնաբանել Կիևին արևմտյան մարտական ինքնաթիռներ մատակարարելու հնարավորության մասին հարցը:
Բլինքենն էլ ընդգծել է, որ Ուկրաինային ռազմական մատակարարումների կառուցվածքը փոխվում է, քանի որ Վաշինգտոնը ցանկանում է, որ Կիևը վերադարձնի կորցրած տարածքները։ «Հակամարտության ընթացքը փոխվում է, փոխվում է նաև մեր ցուցաբերած աջակցությունը»,- ասել է Պետքարտուղարը՝ պատասխանելով Ուկրաինային կործանիչների հնարավոր մատակարարման մասին հարցին։