Խորհրդարանն այսօր շարունակել է ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահի ընտրության հարցի քննարկումը:
Արտահերթ ելույթում ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն անդրադարձել է տարածաշրջանային զարգացումներին, հարևան երկրների հետ հարաբերություններին, արձագանքել ընդդիմադիր պատգամավորների ելույթներին:
Ալեն Սիմոնյանը խորհրդարանական ընդդիմությանը հորդորել է դուրս գալ քաղաքական դաշտից՝ ճանապարհ բացելով նոր ընդդիմությանը:
«Դո՛ւրս եկեք քաղաքականությունից, դուք սպառել եք ձեր քաղաքական օրակարգը»,- ընդգծել է ԱԺ նախագահը:
Սիմոնյանն անդրադարձել է նաև Թուրքիա մարդասիրական օգնություն ուղարկելու մասին ընդդիմության քննադատություններին:
«Ես էլ եմ ցավակցել ու ճիշտ եմ արել: 10 հազար զոհ քաղաքացիական բնակչության մեջ: Այդ արհավիրքը մենք էլ ենք տեսել: Մարդ չի կարող չարձագանքել այդ ամենին»,- ասաց Սիմոնյանը: