ԵՊՀ գիտական խորհուրդն այսօր հաստատել է ԵՊՀ պրոֆեսորադասախոսական կազմի վերապատրաստման 2023-2026 թվականների ծրագրի իրականացման կարգը, որը մշակվել է՝ հաշվի առնելով ԵՊՀ 2021-26 թթ․ զարգացման ռազմավարական ծրագրի առաջնահերթությունները, ինչպես նաև իրականացրած հետազոտությունների արդյունքներն ու հանդիպումների ընթացքում արձանագրված խնդիրներն ու առաջարկությունները։ Այս մասին տեղեկացրել է ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը:
«Հաստատված նոր կարգի համաձայն՝ ԵՊՀ դասախոսների համար կազմակերպվելու են վերապատրաստման դասընթացներ, որոնց մասնակցությունը լինելու է կամավոր։
Վերապատրաստման ծրագրով մենք նպատակ ունենք բարելավելու դասախոսների մասնագիտական գիտելիքները, արդիականացնելու նրանց դասավանդման կարողությունները, զարգացնելու հետազոտական աշխատանքներ կատարելու հմտությունները, ինչպես նաև նպաստելու ձևավորված ակադեմիական միջավայրի լավարկմանը։
Վերապատրաստման դասընթացներից հետո անց է կացվելու ամփոփիչ կամավոր ատեստավորում, որի ժամանակ հաշվի է առնվելու ոչ միայն դասընթացների մասնակցությունը, այլև դրանց արդյունքում ստացած գիտելիքների կիրառումը կրթական ծրագրերում: Ատեստավորումը հաջողությամբ անցած դասախոսների աշխատավարձը նախատեսվում է բարձրացնել մինչև 40 տոկոսով:
Ի դեպ, աշխատավարձերի բարձրացման այս գործընթացն անկախ է ԵՊՀ 2021-26 թթ․ զարգացման ռազմավարական ծրագրով սահմանված պրոֆեսորադասախոսական համակազմի աշխատավարձերի նախատեսվող բարձրացումներից»,- Ֆեյսբուքի էջում գրել է ԵՊՀ ռեկտորը: