Կառավարության նիստից հետո՝ լրագրողների հետ ճեպազրույցում, ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն անդրադարձավ Հայաստանից Թուրքիա մարդասիրական աջակցություն ուղարկելուն:
«Կարծում եմ՝ մենք պետք է մասնակցենք բնական աղետի պատճառով տուժած մարդկանց օգնելու գործին, և ընդհանուր առմամբ ես համարում եմ, որ Հայաստանը պետք է ավելի ու ավելի մեծացնի իր համագործակցությունն աշխարհի բոլոր երկրների հետ. այդ թվում նաև հումանիտար առումով»,- ասաց նա:
Ինչ վերաբերում է ԼՂ-ում հումանիտար ճգնաժամի պարագայում Կառավարության աջակցությանը, Քերոբյանն ասաց հետևյալը.
«Ուզում եմ հիշեցնել, որ Հայաստանի կառավարությունը և ՀՀ քաղաքացիները տարեկան 150 մլրդ դրամի կարգի, անցյալ տարի նույնիսկ ավելի շատ, ֆինանսական աջակցություն են տալիս ԼՂ կառավարությանը, և ասել, որ Կառավարությունը ոչինչ չի անում, շատ սխալ արտահայտություն է, Կառավարությունն ամեն ինչ է անում:
Ինչ վերաբերում է Լաչինի ճանապարհի բացմանը, ձեռնարկում ենք բոլոր հնարավոր, բայց խաղաղ միջոցները, որ հարցը լուծվի, որովհետև որևէ պոտենցիալ ուժային լուծման մեջ չենք տեսնում: Բեռլինում տեղի ունեցած կոնֆերանսի ժամանակ բարձրացրել եմ Լաչինի միջանցքի փակման հետևանքով առաջացած հումանիտար աղետը պարենային անվտանգության վերաբերյալ: Կարծում եմ, որ Կառավարությունն այս պահին օգտագործում է իր բոլոր հնարավոր ռեսուրսները խնդրի լրջությունը մաքսիմալ բարձրացնելու և դրան լուծում տալու ուղղությամբ»:
Խոսելով Հայաստանում արվող ներդրումների մասին՝ նախարարն ասաց, որ 9 ամսվա տվյալներով ներդրումների ծավալն աճել է մոտավորապես 20 տոկոսով, իսկ օտարերկրյա ուղղակի ներդրումներն էապես են աճել՝ հասնելով շուրջ 700 մլն դոլարի:
«Հույս կա, որ տարվա արդյունքներով մենք կունենանք 1 մլրդի հասնող թիվ, որը ռեկորդային է: Շուտով կընդունվի ներդրումային քաղաքականության ռազմավարությունը, որը ծանրակշիռ փաստաթուղթ է, մշակվել է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության հետ, և մենք կարծում ենք, որ այդ փաստաթղթի կիրարկումը կապահովի ներդրումների բավականաչափ լավ հոսք: Օտարերկրյա ուղղակի ներդրումների առումով ամենակարևոր ուշադրությունը դարձնում ենք աշխարհի 500 խոշորագույն ընկերությունների՝ Հայաստան բերելուն: Այդ ընկերություններից յուրաքանչյուրի մուտքը Հայաստան գերարժեքավոր է: Շատ շուտով կունենանք լավ նորություն: Գործարք կա, որ շուտով կավարտվի և էլի ամերիկյան խոշորագույն ընկերություններից մեկը Հայաստանում ընկերություն ձեռք բերելու միջոցով կմտնի Հայաստան»,- հայտնեց նախարարը: