Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների եռակողմ հանդիպման հարցը քննարկվում է՝ հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը: Նա շեշտել է՝ Մոսկվան չի հրաժարվել այդ գաղափարից։ «Մենք ցանկանում ենք առավելագույնս օգտագործել այն ռեսուրսները, որ ունենք՝ հանդիպման անցկացման վայրերի և ձևաչափի առումով. նպատակը ձեռք բերված պայմանավորվածությունների շրջանակում կայունացման հասնելն է»,- հավելել է Ռյաբկովը։
ԱՄՆ ԿՈՆԳՐԵՍ Է ՆԵՐԿԱՅԱՑՎԵԼ ԼՂ ՇՐՋԱՓԱԿՈՒՄԸ ԴԱՏԱՊԱՐՏՈՂ ԲԱՆԱՁԵՎ
ԱՄՆ Կոնգրեսի հայկական հարցերով խմբի անդամներ Ֆրենկ Փալոնը, Ադամ Շիֆը, Բրեդ Շերմանը, Գաս Բիլիրակիսը, Դևիդ Վալադաոն ու ևս 61 կոնգրեսական ԱՄՆ Կոնգրեսին են ներկայացրել բանաձևի նախագիծ, որը դատապարտում է Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի շրջափակումը:
«Այսօր մենք միասնական ենք՝ Ադրբեջանին կոչ անելու՝ վերջ դնել միջազգային հումանիտար ճգնաժամին։ Ժամանակն է, որ Միացյալ Նահանգներն անհապաղ քայլեր ձեռնարկի Արցախի ժողովրդին պաշտպանելու համար, քանի դեռ ուշ չէ»,- նշել է Ֆրենկ Փալոնը։
Ադամ Շիֆն իր հերթին ընդգծել է, որ Բաքվի գործողությունները դատապարտելուց բացի հարկավոր է դադարեցնել Ադրբեջանին տրամադրվող ամերիկյան օգնությունը։ «Կոչ եմ անում Միացյալ Նահանգների նախագահին՝ օգտագործել դիվանագիտական բոլոր գործիքները՝ տարածաշրջանում աճող ճգնաժամի պայմաններում Արցախի ժողովրդի անվտանգությունն ապահովելու համար»,- ասել է կոնգրեսականը:
Բրեդ Շերմանն էլ հավելել է՝ «Ադրբեջանը փորձում է ստիպել Արցախի էթնիկ հայերին լքել իրենց տները՝ անհնարին դարձնելով կյանքն Արցախում»:
ԵԽ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՆԴՐԱԴԱՐՁԸ ԳՅԱՆՋԱԼԻԵՎԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ
Եվրոպական խորհրդարանի նախագահ Ռոբերտա Մեցոլան Ադրբեջանի խորհրդարանի խոսնակ Սահիբա Գաֆարովային ուղղված նամակում անհամաձայնություն է հայտնել 2022 թ. դեկտեմբերի 20-ին Ադրբեջանի խորհրդարանում ԵՄ-Ադրբեջան խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի համանախագահ Թուրալ Գյանջալիևի զրպարտիչ հայտարարությունների հետ կապված։
«Ադրբեջանական լրատվամիջոցների տվյալով՝ պարոն Գյանջալիևը մեղադրել է Եվրոպական խորհրդարանին՝ կոռուպցիայի միջոցով խորհրդարանականների ֆինանսավորման մեխանիզմ ստեղծելու համար: Իր մեղադրանքների համար ոչ մի հիմք չներկայացնելով՝ նա պնդել է, թե Լեռնային Ղարաբաղում ոսկու հանքավայրերից ստացված եկամուտները մտնում են Ադրբեջանի գործողությունները քննադատող կազմակերպության անդամների գրպանը։ Նա կոռուպցիայով զբաղվելու համար մեղադրել է նաև ԵՄ-Ադրբեջան խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի համանախագահ Մարինա Կալյուրանդին»,- գրել է Մեցոլան։
Եվրախորհրդարանի նախագահը խնդրել է ձեռնարկել բոլոր քայլերը՝ ապագայում նման միջադեպերից խուսափելու համար։
AMNESTY INTERNATIONAL-Ը ԿՈՉ Է ԱՐԵԼ ԱՆՀԱՊԱՂ ԲԱՑԵԼ ՄԻՋԱՆՑՔԸ
«Amnesty International» միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը, անդրադառնալով Լաչինի միջանցքի արդեն 60 օր շարունակվող արգելափակմանը, Ադրբեջանի իշխանություններին և ռուս խաղաղապահներին կոչ է արել անհապաղ բացել երթուղին և վերջ դնել հումանիտար ճգնաժամին։
«Ադրբեջանի պարտավորությունն է ապահովել, որ Լեռնային Ղարաբաղի բնակչությանը չզրկվի սննդամթերքի և այլ առաջին անհրաժեշտության ապրանքների ու դեղորայքի հասանելիությունից: Ռուսական խաղաղապահ առաքելությանը մանդատ է տրված՝ ապահովելու Լաչինի միջանցքի անվտանգությունը»,- ասել է «Amnesty International»-ի Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի հարցերով բաժնի տնօրեն Մարի Ստրաթերզը:
Նա հորդորել է Ադրբեջանին և Ռուսաստանին գործել մարդու իրավունքների միջազգային չափանիշներին համապատասխան:
ՄԵՔՍԻԿԱՅԻ ՍԵՆԱՏԸ ՃԱՆԱՉԵԼ Է ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ
Փետրվարի 8-ին Մեքսիկայի Սենատն ընդունել է փաստաթուղթ, որով ճանաչում է Հայոց ցեղասպանությունը՝ վկայակոչելով մարդու համընդհանուր իրավունքների պաշտպանության անհրաժեշտությունը՝ հայտնել են Մեքսիկայում Հայաստանի դեսպանությունից: Սենատը հորդորել է Արտաքին հարաբերությունների քարտուղարությանը՝ աջակցել Մեքսիկայի կողմից Հայոց ցեղասպանության պաշտոնական ճանաչմանը։