Ադրբեջանի գործողությունները նպատակ ունեն կոտրել սեփական հայրենիքում ապրելու ԼՂ բնակչության կամքը: Այս մասին Կառավարության նիստի ընթացքում խոսեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու նշեց, որ հավատում է՝ այդ կամքն անկոտրում է:
«Այսուհանդերձ, մենք պիտի ավելի ու ավելի մեծացնենք մեր ջանքերը ԼՂ-ում ծայր առած հումանիտար ու բնապահպանական ճգնաժամի վրա միջազգային ուշադրություն կենտրոնացնելու վրա, որն Ադրբեջանի ագրեսիվ և սադրիչ գործողությունների արդյունք է:
Միևնույն ժամանակ ուզում եմ շնորհակալություն հայտնել այն միջազգային կազմակերպություններին և երկրներին, ովքեր այս ընթացքում օբյեկտիվ դիրքորոշում են հայտնել ԼՂ-ում ծավալվող հումանիտար ճգնաժամի մասին: Մեր միջազգային ջանքերը պետք է ուղղվեն բնապահպանական ծագող ճգնաժամը նույնպես միջազգային լայն քննարկման առարկա դարձնելուն»,- ասաց Փաշինյանը:
Նա անհրաժեշտ համարեց, որ Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակումը ԼՂ-ում հաստատված հումանիտար և բնապահպանական ճգնաժամն ավելի ինստիտուցիոնալ միջազգային քննարկման առարկա դառնան:
«Միայն միջազգային հանրության չնվազող ակտիվությունն է Ադրբեջանի ագրեսիվությունը և սադրիչ գործելակերպը զսպելու եղանակը»,- ասաց Փաշինյանը: