Հայաստանի հետ Եվրամիության հարաբերությունների մասին նոր զեկույցում, որը պատրաստվել է Արտաքին գործերի կոմիտեի կողմից և ընդունվել հինգշաբթի օրը, Եվրախորհրդարանի պատգամավորները խստորեն դատապարտում են հարևան Ադրբեջանի կողմից 2022 թ. սեպտեմբերին Հայաստանի վրա լայնածավալ ռազմական հարձակումը, որը խախտել է խաղաղության հասնելու նախկին փորձերը և հանգեցրել նրան, որ ադրբեջանական ուժերը գրավել են Հայաստանի ինքնիշխան տարածքը: Այս մասին նշված է Եվրոպական խորհրդարանի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ:
«Ընդգծելով, որ ագրեսիան ուղղակի կապ չունի Լեռնային Ղարաբաղի շուրջ երկար տարիների հակամարտության հետ՝ զեկույցը Ադրբեջանի իշխանություններին կոչ է անում դուրս բերել զորքերը Հայաստանի տարածքից: Երկու երկրների կառավարություններին կոչ է արվում աշխատել համապարփակ և փոխընդունելի խաղաղության պայմանագրի վրա, իսկ ԵՄ-ին՝ մշտապես մասնակցել և հանդես գալ որպես միջնորդ՝ արդյունավետորեն նպաստելով հակամարտության խաղաղ կարգավորմանը:
Սակայն Եվրախորհրդարանի պատգամավորներն ընդգծում են, որ արդյունավետ լինելու համար ցանկացած խաղաղության պայմանագիր պետք է ներառի դրույթներ, որոնք երաշխավորում են Հայաստանի ինքնիշխան տարածքի ամբողջականությունը, Լեռնային Ղարաբաղում և հակամարտությունից տուժած այլ շրջաններում բնակվող հայ բնակչության իրավունքներն ու անվտանգությունը, ինչպես նաև փախստականների և բռնի տեղահանվածների օպերատիվ և անվտանգ վերադարձն իրենց տներ»,- նշված է հաղորդագրության մեջ:
Անդրադառնալով Հայաստան-Եվրամիություն հարաբերություններին՝ զեկույցում գոհունակություն են հայտնում 2021 թ. մարտին ՀՀ–ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի ամբողջական ուժի մեջ մտնելու և դրա իրականացման Հայաստանի հանձնառության կապակցությամբ։
Եվրախորհրդարանի պատգամավորները բարձր են գնահատում նաև Հայաստանում վերջին տարիներին ձեռնարկված նշանակալի բարեփոխումները և մանրակրկիտ ժողովրդավարացման գործընթացը, որոնց շնորհիվ «երկիրը դարձել է տարածաշրջանում ժողովրդավարության առաջատարը»:
Բացի այդ, զեկույցում բարձր է գնահատվում Հայաստանի պայքարը հանցավորության և կոռուպցիայի դեմ և կառավարությանը կոչ է արվում շարունակել բարեփոխումներ իրականացնել ժողովրդավարական ինստիտուտների, օրենքի գերակայության և դատական համակարգի անկախության ամրապնդման ուղղությամբ՝ չնայած միջազգային բարդ իրավիճակին և մարտահրավերներին, որոնց բախվում է Հայաստանը:
Եվրախորհրդարանի պատգամավորները ողջունում են նաև լրատվամիջոցների ազատության ոլորտում բարելավումները: Միևնույն ժամանակ, եվրապատգամավորները նշել են, որ երկրի մեդիա միջավայրը դեռևս բևեռացված է և մտահոգություն են հայտնել լրագրողների նկատմամբ ատելության և ֆիզիկական բռնության դեպքերով:
«Լիովին աջակցելով ապատեղեկատվության դեմ պայքարի Հայաստանի կառավարության ջանքերին՝ Եվրախորհրդարանի պատգամավորները հայտարարում են, որ որևէ միջոց չպետք է հանգեցնի լրագրողների սահմանափակումների կամ խոսքի ազատության»,- ասված է հաղորդագրության մեջ։
Զեկուցող Անդրեյ Կովաչևը հայտարարել է. «ԵՄ-Հայաստան հարաբերությունների մասին զեկույցը ևս մեկ անգամ վերահաստատում է Եվրոպական խորհրդարանի հանձնառությունը տարածաշրջանում խաղաղությանը և Հայաստան-ԵՄ համագործակցությանը մի շարք կարևոր ոլորտներում։ Որպես այս ուղղությամբ կենսական քայլ՝ մենք ողջունում ենք Հայաստանում ԵՄ առաքելության հիմնումը և կոչ ենք անում Ադրբեջանի կառավարությանը երաշխավորել Լաչինի միջանցքով տեղաշարժման ազատությունն ու անվտանգությունը, որը գրեթե երկու ամիս արգելափակված է»: