ՆԱՏՕ-ի երկրներն արդեն 120 մլրդ դոլարի ռազմական, տնտեսական, հումանիտար և այլ տեսակի օգնություն են տրամադրել Ուկրաինային: Այս մասին Վաշինգտոնում ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ մամուլի ասուլիսում հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը, ընդգծել՝ ՆԱՏՕ-ի առանցքային երկիրը՝ ԱՄՆ-ը, անփոխարինելի դեր ունի այդ ջանքերում։
Ստոլտենբերգը կարծիք է հայտնել, որ Ռուսաստանը կարող է ցանկացած պահի ավարտել պատերազմը՝ պարզապես դուրս բերելով զորքերն Ուկրաինայի տարածքից:
«Ցավոք, մենք չենք տեսնում, որ Մոսկվան պատրաստվում է խաղաղության, ընդհակառակը, այն նոր հարձակում է նախապատրաստում: Այդ պատճառով մենք պետք է զենք մատակարարենք Ուկրաինային»,- նշել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը՝ հրաժարվելով մեկնաբանել Կիևին արևմտյան ռազմական ինքնաթիռներ մատակարարելու հեռանկարների մասին հարցը:
Անդրադառնալով ՆԱՏՕ-ին Շվեդիայի և Ֆինլանդիայի անդամակցությանը՝ Ստոլտենբերգը նշել է, որ գործընթացը պետք է ավարտվի որքան հնարավոր է շուտ: Նրա խոսքով՝ Ֆինլանդիան և Շվեդիան դեռևս ինտեգրվում են Հյուսիսատլանտյան դաշինքի քաղաքացիական և ռազմական կառույցներին: