Օրերս Transparency հակակոռուպցիոն կազմակերպությունը հրապարակեց կոռուպցիայի ընկալման համաթիվը: ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը ՀՀ վարչապետին հարցրեց, թե արդյոք այդ մասով եղե՞լ է հանձնարարական, ուսումնասիրություն կամ քննարկում:
«Շատ մտահոգված եմ այդ տվյալով, և իմ վերաբերմունքն ամենևին այնպես չէ, թե այդտեղ գուցե վիճակագրության սխալ կա, որովհետև նույնիսկ եթե այդպես է, մեր քաղաքականությունն այն է, որ բոլոր հնարավոր սխալներով մենք բոլոր ռեյտինգներում պետք է ունենանք առաջընթաց: Եվ եթե մենք ունենք հետընթաց, նշանակում է՝ ինչ-որ մի բան այնպես չէ»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:
Վարչապետի խոսքով՝ այդ թեմայով մի քանի քննարկում եղել է ու առաջիկայում ևս նախատեսվում է:
«Այն փաստը, որ մենք հակակոռուպցիոն քաղաքականության միջազգային վարկանիշներում թեկուզ փոքր հետընթաց ենք արձանագրում, բացարձակապես անընդունելի է, բայց ոչ էն տրամաբանությամբ, որ ինչ-որ մեկը ինչ-որ բան սխալ է հաշվել: Որովհետև սխալ հաշվարկի արդյունքում պետք է ունենանք ոչ թե 10 կետ առաջընթաց, այլ 9 կամ 8, ոչ թե 3 կետ հետընթաց»,- նշեց Փաշինյանը՝ ընդգծելով՝ մենք պետք է վերահաստատենք հակակոռուպցիոն քաղաքականության մեր ռազմավարությունը:
«Այդտեղ կոմպրոմիս չի կարող լինել: Հակակոռուպցիոն ռեյտինգում մեր հետընթացը համարում եմ շատ մեծ ձախողում: Անձնապես շատ ծանր եմ տանում, որ նման բան է տեղի ունեցել, բայց մյուս կողմից էլ՝ դա առիթ է, որպեսզի մենք ոչ թե վերահաստատենք, այլ ավելի խստացնենք հակակոռուպցիոն մեր քաղաքականությունը և գործիքները»,- նշեց վարչապետը: