Թուրքիայում և Սիրիայում ճգնաժամային իրավիճակ է՝ փետրվարի 6-ի ավերիչ երկրաշարժից հետո անընդհատ գրանցվող հետցնցումներ, մասշտաբային ավերածություններ, զոհերի ու վիրավորների մասին ժամ առ ժամ թարմացող տեղեկություններ: Վերջին տվյալով՝ ավերիչ երկրաշարժի զոհերի թիվը հատում է 11 000-ը։
Սիրիայում զոհվել է շուրջ 3000 մարդ, վիրավորների թիվը գերազանցում է 4000-ը: Սիրիայի կառավարությունը դիմել է ՄԱԿ-ի գործակալություններին, միջազգային կազմակերպություններին և գործընկեր երկրների կառավարություններին՝ խնդրելով օգնել Սիրիային՝ հաղթահարել երկրաշարժի հետևանքները:
ՄԱԿ-ից հայտարարել են՝ գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի ցուցումով՝ կազմակերպությունը կանի հնարավորը՝ աջակցելու սիրիացիներին:
Իրանը, Ռուսաստանը, Եգիպտոսը, Արաբական Միացյալ Էմիրությունները, Իրաքը և մի շարք այլ երկրներ ևս օգնության ձեռք են մեկնել Սիրիային: Հայաստանն էլ արձագանքել է սիրիական կողմի խնդրանքին:
Այսօր մարդասիրական օգնությամբ բեռնված առաջին օդանավն է վայրէջք կատարել Հալեպի միջազգային օդանավակայանում: Այդ օդանավով Սիրիա է մեկնել նաև 29 հայ փրկարար: Նրանց դիմավորել են Սիրիայում Հայաստանի դեսպանը, Սիրիայի Կարմիր մահիկի ներկայացուցիչները և պաշտոնատար այլ անձինք։
Տիգրան Գևորգյան (Սիրիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան) - Հայաստանը աշխարհի առաջին պետություններից էր, որի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց ՀՀ կողմից բարեկամ Սիրիային օգնության ձեռք մեկնելու պատրաստակամության մասին: Երեկ երեկոյան վարչապետը հեռախոսազրույց ունեցավ Սիրիայի նախագահի հետ, և ահա արդյունքը: Այսօր արդեն առաջին օդանավը` մեր մասնագետներով, փրկարարներով, ժամանեց Հալեպի միջազգային օդակայան:
Հայ փրկարարներին դիմավորել է նաև Հալեպի միջազգային օդանավակայանի տնօրենը, երախտագիտությունն հայտնել հայկական կողմին ցուցաբերած աջակցության համար:
Մուհամեդ Ալ Մասրի (Հալեպի միջազգային օդանավակայանի տնօրեն) - Շնորհակալություն եմ հայտնում Հայաստանի Հանրապետության կառավարությանը և ժողովրդին՝ երկրաշարժի հետևանքների հաղթահարման գործում արագ օգնության հասնելու համար: Հայերն ու սիրիացիները մեկ ժողովուրդ են, մեզ մշտապես միավորել են բարեկամական և հոգևոր կապերը: Հոգաչափ շնորհակալ ենք:
Օդանավակայանում ներկա էին նաև Հալեպի նահանգային իշխանությունների ներկայացուցիչներ: Նահանգային խորհրդի գործադիր մարմնի անդամ Աբդուլ Ադեր Տուալիպին կարևորել է հատկապես որոնողափրկարարական աշխատանքներում հայ մասնագետների ներգրավումը:
Աբդուլ Ադեր Տուալիպի (Հալեպի նահանգային խորհրդի գործադիր մարմնի անդամ) - Սիրիայի ժողովրդի և երկրի նախագահի անունից շնորհակալություն ենք հայտնում Հայաստանի ժողովրդին ու Կառավարությանը՝ այս մարդասիրական նախաձեռնության համար: Հայ փրկարարները մեծապես կօգնեն փլատակներում մնացած մարդկանց փրկելու, զոհերի դիակները դուրս բերելու հարցում: Այս քայլն էլ ավելի կամրապնդի մեր ժողովուրդների բարեկամական հարաբերությունները:
Ակնկալվում է, որ առաջիկա ժամերին Հալեպի օդանավակայանում վայրէջք կկատարի Հայաստանից մարդասիրական օգնություն տեղափոխող երկրորդ օդանավը: Նոր խմբաքանակը ներառում է սննդամթերք, դեղորայք և երկրաշարժից տուժածների համար անհրաժեշտ այլ պարագաներ: