Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության պետ, արդարադատության գեներալ-մայոր Սերգեյ Ատոմյանի գլխավորությամբ տեղի է ունեցել 2022 թվականի գործունեության արդյունքների ամփոփման նիստը:
Նիստին մասնակցել են ծառայության ղեկավար անձնակազմը, քրեակատարողական հիմնարկների և կենտրոնական մարմնի ստորաբաժանումների պետերը:
Քրեակատարողական ծառայության պետի տեղակալները և գլխավոր քարտուղարը ներկայացրել են 2022 թվականին իրենց համակարգման ոլորտներում իրականացված աշխատանքները, առաջացած հիմնախնդիրներն ու արձանագրված ձեռքբերումները, ինչպես նաև՝ հաշվետու ժամանակահատվածի և նախորդ տարիների ընթացքում գրանցված ցուցանիշների համեմատական վերլուծությունը:
2022 թվականի ընթացքում քրեակատարողական հիմնարկներում կատարվել են երկու անգամ ավելի մեծ ծավալի շինբարեկարգման աշխատանքներ, քան նախորդ հինգ տարիները միասին վերցված:
«Արմավիր» քրեակատարողական հիմնարկում տեղադրվել է տեսահսկման սարքավորումածրագրային նորագույն սերնդի համակարգ, իսկ Քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնում կահավորվել է օպերատիվ կառավարման կենտրոնական կայան: Ծառայությունը համալրվել է հատուկ նշանակության 10 տրանսպորտային միջոցներով՝ նախատեսված դատապարտյալներին դատարաններ փոխադրման համար: Նոր քրեակատարողական հիմնարկի կառուցման նպատակով մշակվել է էսքիզային տարբերակ, ինչպես նաև իրականացվել են անհրաժեշտ ինժեներաերկրաբանական հետազոտական աշխատանքներ, իսկ նախագծանախահաշվային փաստաթղթերի ձեռքբերման նպատակով հայտարարվել է մրցույթ:
Բացի այդ՝ քրեակատարողական համակարգի պատմության մեջ առաջին անգամ պետական միջոցների հաշվին ներդրվել է օտարերկրյա ազատազրկված անձանց թարգմանչական ծառայություններ մատուցելու ծրագիր, իսկ 19 տարեկանից բարձր դատապարտյալներին տրվել է միջնակարգ կրթություն ստանալու հնարավորություն՝ դարձյալ պետական աջակցությամբ:
Հատուկ ուշադրության կենտրոնում են եղել նաև արտակարգ իրավիճակներին դիմակայելու արդյունավետության բարձրացման ուղղությամբ տարվող աշխատանքները:
Նիստին քննարկվել են նաև 2023 թվականին նախատեսված աշխատանքներն ու համալիր ծրագրերը:
Մասնավորապես՝ ընթացիկ տարում շարունակվելու են քրեակատարողական հիմնարկների շենքային պայմանների բարելավմանն ուղղված շինվերանորոգման և բարեկարգման աշխատանքները, հիմնարկներում օպերատիվ իրավիճակն ավելի վերահսկելի դարձնելու նպատակով ստեղծվելու է ծառայության կենտրոնական մարմնի օպերատիվ վարչություն, «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում ներդրվելու է կառավարման նոր մոդել հիմնարկի անվտանգության և պահպանության ապահովման բաժինների գործառույթների միավորման միջոցով, ինչը թույլ կտա ապահովել հիմնարկի առավել բարենպաստ և բնականոն աշխատանքները:
Ամփոփելով Քրեակատարողական ծառայության նախորդ տարվա գործունեությանը նվիրված նիստը՝ Սերգեյ Ատոմյանը, ի թիվս այլ նկատառումների, ընդգծել է թմրամիջոցների, բջջային հեռախոսների և այլ արգելված իրերի ներթափանցման, քրեական ենթամշակույթի և կոռուպցիայի դեմ տարվող պայքարի խստացման անհրաժեշտությունը:
Ծառայության պետը կարևորել է նաև հացադուլի, ինքնավնասման, ինքնասպանության փորձի ցանկացած դեպքին անհատական մոտեցումը, դրանց կանխարգելմանն ուղղված միջոցառումների արդյունավետության բարձրացումը: