Ազգային ժողովը փակ գաղտնի քվեարկությամբ տվեց իր համաձայնությունը. «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը, թեև կպահպանի մանդատը, բայց կզրկվի անձեռնմխելիությունից: Գլխավոր դատախազությունը նրա նկատմամբ քրեական հետապնդում կիրականացնի: Այսօր Աննա Վարդապետյանը խորհդարանին ներկայացրեց երեք միջնորդագրերից վերջինը: Ըստ որի՝ 2008- 2016 թվականներին պաշտպանության նախարարի պաշտոնը զբաղեցրած Սեյրան Օհանյանը նախարարության հաշվեկշռում հաշվառված և ի պաշտոն իրեն վստահված առանձնապես խոշոր չափերի անշարժ գույքերն օտարել է «Նայթս Բրիջ Քոմունիքեյշն Էյ Էմ» ընկերությանը: Այդ ամենի հետևանքով «Գլենդել հիլզի» սեփականատեր Վահե Յաքուբյանը և հանցավոր խմբի մյուս անդամները խաբեության եղանակով հափշտակել են պետական գույքը՝ ավելի քան 5.1 մլրդ դրամի վնաս պատճառելով:
Աննա Վարդապետյան (ՀՀ գլխավոր դատախազ) - Վահե Յաքուբյանը և հանցավոր խմբի մյուս անդամները, պետության՝ 5 մլրդ 884 մլն 300 հազար դրամ արժողությամբ անշարժ գույքերի դիմաց վճարել են 5 մլրդ 181 մլն 300 հազար դրամով պակաս գումար, այսինքն՝ շուկայական արժեքի ընդամենը շուրջ 12%-ը, և խաբեության եղանակով հափշտակել դրանք: ՀՀ պատկանող` Երևան քաղաքի Շենգավիթ, Բագրատունյաց 81, Երևան քաղաքի Շենգավիթ, Բագրատունյաց 81/1 և Երևան քաղաքի Էրեբունի, Արին Բերդի 3-րդ նրբանցքի 2/1 հասցեների անշարժ գույքերը: Հանցանքի կատարումը դյուրին դարձնելու նպատակով ՀՀ բարձրագույն պաշտոն զբաղեցրած անձինք մանրակրկիտ պլանավորել են կատարվելիք գործողություններն ու դրանց հաջորդականությունը, հանցանքի կատարման համար ստեղծել բարենպաստ պայմաններ։
Դատախազը շարունակեց՝ պետական գերատեսչությունը մասնավոր ընկերության հետ կնքել է ոչ շահեկան պայմանագիր, որի հետևանքով պետությունը նաև զրկվել է օտարված գույքերի դիմաց դատարանի որոշմամբ վճարում ստանալու կամ դրանք վերադարձնելու հնարավորությունից:
Աննա Վարդապետյան - Հանցավոր խմբի համար նպաստավոր պայմաններ են ստեղծվել պայմանագրային պարտավորությունները չկատարելու պայմաններում գրավադրել պայմանագրի առարկա հանդիսացող գույքերը և հափշտակել գրավադրման արդյունքում ստացված գումարի զգալի մասը՝ 1 մլրդ 83 մլն 890 հազար դրամը, իսկ Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի՝ 2015 թվականի փետրվարի 18-ի վճռով ՀՀ պաշտպանության նախարարությունը որպես գրավով չապահովված պարտատեր 8 մլրդ 581 մլն 279 հազար 286 դրամով գրանցվել է պարտատերերի ընդամենը չորրորդ տեղում՝ այդ կերպ զրկվելով «Նայթս Բրիջ Քոմունիքեյշն Էյ Էմ» ՓԲ ընկերությանն օտարված պետական գույքերի դիմաց վճարում ստանալու կամ օտարված գույքերն օրենքի ուժով վերադարձնելու հնարավորությունից:
Ըստ գլխավոր դատախազի՝ 2013-14 թվականներին Օհանյանը նաև՝ իրեն ենթակա աշխատակիցներին հանձնարարել է այդ ընկերության նկատմամբ չիրացնել պատասխանատվության միջոցներ կիրառելու կամ դատական պաշտպանության դիմելու իրավունքը:
Աննա Վարդապետյան - Սեյրան Օհանյանն այդ ուղղությամբ միջոցներ չի ձեռնարկել՝ չի հանձնարարել դիմել դատական պաշտպանության և այդ կերպ իրականացնել միջոցառումներ անշարժ գույքերն ընկերությունից պետությանը վերադարձնելու կամ դրանց ձեռքբերման դիմաց ընկերության կողմից վճարելու ուղղությամբ, այլ փոխարենը, շուրջ վեց ամիս անց՝ 2014 թվականի հոկտեմբերի 7-ին, նոր միայն գրության վրա մակագրել է «Կքննարկենք ՀՀ նախագահի հետ, հետո կորոշենք»:
Այս գործով հարցաքննվել են մի շարք պաշտոնյաներ, ցուցմունք տվողների թվում են նաև այդ ժամանակ հանրապետության նախագահի ու վարչապետի պաշտոնները զբաղեցրած Սերժ Սարգսյանն ու Տիգրան Սարգսյանը: Սեյրան Օհանյանը ևս ցուցմունք է տվել: Իսկ մեղադրյալ Վահե Յաքուբյանի նկատմամբ հայտարարվել է հետախուզում, խափանման միջոց ընտրվել է կալանավորումը: Պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը, լսելով դատախազին, հայտարարեց՝ կասկած ունի, որ գործով նաև այլ պաշտոնյաներ կանցնեն:
Անդրանիկ Քոչարյան (ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցույթան պատգամավոր) - Ենթադրում էի, որ Դավիթ Հարությունյանի անունն էլ կհնչեր այստեղ, քանի որ շատ մտերիմ էին: Դա իրավաբան Վահե Յուքուբյանն է՝ «Անի» հյուրանոցի մի հարկը սեփականաշնորհած, և խարդավանքների մեջ նաև Դավիթ Հարությունյանի եղբոր իրավաբանական ծառայությունների հետ համագործակցած, «Գլենդել հիլզը» դրա արդյունքն է, պատահական չէ, որ Օհանյանն ասել է՝ նախագահի հետ կքննարկեմ: Սա մեծ ավանտյուրա է բացահայտված:
Բացի այս միջնորդագրից, երեկ ևս երկուսն են ներկայացվել: Ըստ գլխավոր դատախազի՝ Օհանյանը, օգտագործելով նաև պաշտոնեական դիրքը, օտարել է հատուկ նշանակության հողամասերը և դրանց վրա առկա շինությունները: Մյուսը հարցը քննարկվել է փակ ռեժիմով, քանի որ պետական գաղտնիք պարունակող տեղեկություններ են եղել: Ինչպես երեկ, այնպես էլ այսօր ընդդիմադիր «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները հարցի քննարկմանը չեն մասնակցել:
Հեղինակ՝ Անի Օհանյան