Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Պորտուգալիայի Հանրապետության նորանշանակ դեսպան Մադալեն Ֆիշերը:
Նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորելով դեսպանին նշանակման կապակցությամբ արգասաբեր աշխատանք և հաջողություններ է մաղթել դիվանագիտական առաքելության ընթացքում:
Մադալենա Ֆիշերը շնորհակալություն է հայտնել Հանրապետության նախագահին ընդունելության համար և ընդգծել, որ իր ջանքերը կուղղի հայ-պորտուգալական հարաբերությունների սերտացմանն ու որակական նոր մակարդակի բարձրացմանը:
Հանդիպման ընթացքում նախագահ Խաչատուրյանն ընդգծել է բարձր տեխնոլոգիաների, կրթության, տուրիզմի և տնտեսական ոլորտներում երկու երկրների միջև հարաբերությունների զարգացման ողջ ներուժի իրականացման կարևորությունը: Հանրապետության նախագահը շեշտել է նաև, որ իր հնարավորությունների սահմաններում պատրաստակամ է աջակցել փոխգործակցության զարգացմանն ուղղված դեսպանի նախաձեռնություններին:
Մադալենը Ֆիշերն իր խոսքում համոզմունք է հայտնել, որ մասնավորապես ուսանողական փորձի փոխանակման, թվային տնտեսության և վերականգնվող էներգիայի ոլորտներում առկա է համագործակցության մեծ ներուժ:
Զրույցի ընթացում անդրադարձ է կատարվել Եվրամիության քաղաքացիական դիտորդական առաքելության կարևորությանը, Արևելյան գործընկերության շրջանակներում Հայաստանի ստանձնած պարտավորությունների իրականացման հարցերին, ինչպես նաև Լաչինի միջանցքի բնականոն գործունեության վերականգնման անհրաժեշտությանը:
Հանդիպման ընթացքում պայմանավորվածություն է ձեռք բերվել քայլեր ձեռնարկել երկկողմ բարձր մակարդակի քաղաքական երկխոսության, միջխորհրդարանական և պաշտոնական շփումների ակտիվացման ուղղությամբ: