Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Գալլագերին:
«Մեծարգո՛ դեսպան, մենք մեծապես կարևորում ենք Միացյալ Թագավորության շարունակական աջակցությունը Հայաստանում ոլորտային բարեփոխումների իրականացման գործում և գոհունակությամբ կարող ենք արձանագրել հայ-բրիտանական երկկողմ հարաբերություններում առկա դրական դինամիկան»,- իր խոսքում ընդգծել է փոխվարչապետը:
Տիգրան Խաչատրյանը դեսպանին է ներկայացրել նաև Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար իրավիճակը:
Շնորհավորելով փոխվարչապետ Խաչատրյանին նշանակման առթիվ և մաղթելով բեղմնավոր աշխատանք նոր պաշտոնում՝ դեսպանը հայտնել է, որ Միացյալ Թագավորությունը ուշադրությամբ հետևում և բարձր է գնահատում Հայաստանի կառավարության կողմից իրականացվող բարեփոխումները:
Հանդիպմանը կողմերն անդրադարձել են «Լավ կառավարման հիմնադրամի» և Հայաստանի ներդրումային խորհրդի համագործակցությանը, որը ծառայում է որպես պետություն-մասնավոր հատված երկխոսության հարթակ Հայաստանի Կառավարության ու Փոքր և միջին ձեռնարկատիրության ասոցիացիաների միջև, քննարկել են հայ-բրիտանական առևտրաշրջանառության զարգացման, գործարար կապերի հաստատման, ինչպես նաև երկու երկրների առևտրաշրջանառության ծավալների ընդլայնման հնարավորություններին առնչվող հարցեր: