Մեղրիի սահմանային անցակետի արդիականացման աշխատանքները մտան գործնական փուլ: Հունվարի վերջին Պետական եկամուտների կոմիտեի և «Թանա էներջի մենեջմենթ» ընկերության միջև կնքվեց շինարարական աշխատանքների իրականացման պայմանագիր:
Ռուստամ Բադասյան (ՀՀ ՊԵԿ նախագահ) - Մեղրի-Ագարակ մաքսային կետի աշխատանքները կարող ենք սկսել, որը միանշանակ կնպաստի Հայաստանում թե՛ սահմանային անցման կետով արագ սահմանահատման հնարավորությունների ստեղծմանը, թե՛ ժամանակակից պայմաններին համահունչ մաքսակետ ունենալու մեր տեսլականին:
Մեղրիի մաքսակետ-բաժնի արդիականացման ու վերակառուցման շինաշխատանքների միջազգային մրցույթը հայտարարվել էր դեռ 2021-ի դեկտեմբերին: Մասնակցել էր 3 ընկերություն, հաղթել էր իրանական ընկերությունը: Ծրագիրը ՊԵԿ-ն իրականացնում է ԵՄ-ի ու Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի տրամադրած վարկային ու դրամաշնորհային միջոցներով, արժեքը 18.5 միլիոն եվրո է:
Էդգար Հովսեփյան (ՀՀ ՊԵԿ Գնումների կազմակերպման և վարչատնտեսական ապահովման վարչության պետ) - Այս պարագայում մենք արդեն ունենալու ենք լրիվ նոր համալրված մաքսակետ, այն լինելու է միջազգային չափանիշներին համապատասխան, բացի որ արդիականացվելու են շենք-շինությունները, այն համալրված է լինելու նոր սարք-սարքավորումներով:
Աշխատանքները կսկսեն մարտին, նախատեսում են ավարտել 2026 թվականին: Հայաստանի 4 մաքսակետերից միակ չհիմնանորոգվածն այս պահին Մեղրիինն է, կառուցվել է 1998-ին, երբ Հայաստան-Իրան ապրանքաշրջանառությունը մի քանի անգամ պակաս էր այսօրվա ցուցանիշից:
Արտաշես Ղամբարյան (ՀՀ ՊԵԿ հարավային մաքսատուն-վարչության պետ) - 2022 թվականին Մեղրիի անցակետը աշխատել է գերծանրաբեռնված ռեժիմով՝ իրանական կողմից ընդունելով ավելի քան 58 հազար բեռնատար: Համեմատության համար ասեմ, որ, օրինակ՝ 10 տարի առաջ՝ 2012 թվականին, Մեղրիի անցակետով մուտք է գործել 20 հազարից էլ պակաս բեռնատար:
Արդիականացումից հետո ՊԵԿ-ի գործառույթներն ավելի արագ կիրականացվեն, իսկ մաքսային հսկողության արդյունավետությունը մի քանի անգամ կավելանա: Մաքսատան պետի խոսքով՝ վերազինումը կարևոր է նաև տարանցիկ բեռնափոխադրումների տեսանկյունից: Կակտիվանա Հյուսիս-հարավ միջանցքը:
Արտաշես Ղամբարյան - Մենք ունենալու ենք նոր ռենտգեն սարքավորում, մեր ներկայիս ռենտգեն սարքավորումը տեղադրվել է ավելի քան 15 տարի առաջ ու լիարժեք չի բավարարում այսօրվա պահանջները: Արդիականացված մաքսակետում նախատեսվում է ունենալ 5-ական հոսքագիծ ներմուծման և արտահանման ուղղությամբ: Նշեմ, որ այս պահին ներմուծման ուղղությամբ առկա է 4 հոսքագիծ, իսկ արտահանման ուղղությամբ օգտագործվում է ընդամենը 2 հոսքագիծ:
Նոր մաքսակետը կունենա նաև խոր զննման անգարներ, որն այս պահին չկա, անհրաժեշտության դեպքում ստիպված են հասնել Կապան: Ներմուծման ու արտահանման ուղղություններով կտեղադրվեն կշեռքներ, ձեռք կբերվեն նոր լաբորատոր սարքավորումներ, իսկ ավտոկայանատեղին կզբաղեցնի 40 հազար քմ մակերես: Սահմանը հատելու գործընթացն ավելի պարզ ու արագ կիրականացվի նաև զբոսաշրջիկների համար:
Էդգար Հովսեփյան - Մաքսակետի կառուցումը լինելու է զուգահեռ մեր գործող մաքսակետի աշխատանքի հետ միասին և չի խանգարելու գործող մաքսատան աշխատանքին:
Այս տարի աշխատանքներ կիարականացվեն նաև Բագրատաշենի մաքսակետում՝ ավելի փոքր ծավալով:
Էդգար Հովսեփյան - Բագրատաշենի մաքսակետի արդիականացման համար ՊԵԿ-ը հայտարարել է նախագծման մրցույթ, ունենք հաղթող կազմակերպություն, որը պետք է նախագիծը փոխանցի, որպեսզի դրա հիման վրա իրականացվեն շինարարական աշխատանքներ, և մաքսատունը վերակառուցվի:
Բագրատաշենում ևս կավելացնեն թողունակությունը: Նախատեսում են 3 նոր հոսքագիծ կառուցել: