ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել նախադպրոցական հաստատություններ սաների ընդունելության կարգում փոփոխություն անելու մասին նախագիծը:
Գործող կարգով սահմանված է, որ նախադպրոցական ուսումնական հաստատության սանի ազատումը հաստատությունից կատարվում է ուսումնական տարվա ընթացքում սանի, անկախ պատճառից, 75 աշխատանքային օր բացակայելու դեպքում:
2021-2022 ուսումնական տարվա ընթացքում նախադպրոցական ուսումնական հաստատությունների սաների բացակայությունների պատճառների վերլուծության արդյունքում պարզվել է, որ հատկապես աշնանային և ձմեռային ամիսներին երեխաների բացակայությունները մեծ մասամբ պայմանավորված են սուր շնչառական վարակների տարածմամբ:
Նախագծով նախատեսվում է երեխայի հսկողությունն իրականացնող առողջության առաջնային պահպանման բժշկական կազմակերպության կողմից տրված՝ սահմանված ձևի փաստաթղթի հիման վրա հիվանդության պատճառով չհաճախած օրերի բացակայությունը համարել հարգելի, բայց ոչ ավելի, քան տվյալ ուսումնական տարվա ընթացքում 21 օր:
Նախագծի ընդունման արդյունքում 2-3 անգամ որևէ հիվանդության պատճառով բացակայած սաները դուրս չեն մնա հաստատությունից, ինչպես գործող կարգի դեպքում է տեղի ունենում, այլ հիմնավոր փաստի առկայությամբ սանը կշարունակի ներգրավված մնալ նախադպրոցական կրթության մեջ:
Նախագծի ընդունման պարագայում ԿԳՄՍ նախարարի հրամանը կտարածվի 2022 սեպտեմբերի 1-ից հետո ծագած հարաբերությունների վրա: