Հակակոռուպցիոն դատարանում շարունակվեց ԱԱԾ նախկին պաշտոնյա, գնդապետ Սերոբ Հարությունյանի և նրա հետ փոխկապակցված անձանց դեմ դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչության ներկայացրած հայցադիմումի քննությունը: Դատարանը թույլատրեց մասնակի տեսանկարահանել նիստը՝ հաշվի առնելով Սերոբ Հարությունյանի ու նրա ներկայացուցիչների առարկությունները: Նիստի ընթացքում հայցվորը միջնորդեց թույլատրել ներկայացված հայցում փոփոխություններ անել: Բացի այդ, միջնորդեց Հարությունյանի դստերը գործով ներգրավել որպես պատասխանող:
Համլետ Հարությունյան (ԳԴ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչության դատախազ) - Սերոբ Հարությունյանի դստեր կողմից ավանդը ներդնելու փաստն է, որը ի սկզբանե ներկայացված հայցադիմումով չէր նշվել:
Ըստ դատախազ Համլետ Հարությունյանի՝ դստեր անվամբ 2015 թվականին ներդրվել է 10 հազար դոլար ավանդ, որի իրական շահառուն, հայցվոր կողմի խոսքով՝ հանդիսանում է հենց Սերոբ Հարությունյանը:
Հայցվորը հավելեց, որ Հարությունյանի դուստրը 2015 թվականին չի աշխատել, ստացված այլ եկամուտների վերաբերյալ տեղեկություններ նույնպես առկա չեն, հետևաբար իրավասու մարմինը գտնում է, որ ավանդը ներդրվել է հենց Սերոբ Հարությունյանի միջոցներով:
Առաջարկվող հայցադիմումի հաջորդ փոփոխությունը վերաբերում էր ԱԱԾ նախկին պաշտոնյայի եղբոր ավանդներին:
Դատախազի խոսքով՝ 2011-ի հունվարին Սերոբ Հարությունյանի եղբայրը ներդրել է 100 հազար դոլար ավանդ՝ չունենալով օրինական միջոցներ:
Համլետ Հարությունյան - 2011 թվականի ապրիլի 29-ին Արտեմի Հարությունյանը մարել է ապօրինի ծագում ունեցող ավանդը, ինչի արդյունքում կուտակվել են 37 միլիոն 18 հազար դրամի չափով ապօրինի դրամական միջոցներ:
Համլետ Հարությունյանի խոսքով՝ նշված ավանդը մարվել է Հյուսիսային պողոտայում գտնվող բնակարանը ձեռք բերելուց մեկ օր առաջ, որը հետագայում անհատույց փոխանցվել է Սերոբ Հարությունյանին, ինչն էլ հիմք է տալիս պնդելու, որ այս ավանդը նույնպես ի սկզբանե ներդրվել է Սերոբ Հարությունյանի միջոցներով, այն դեպքում, երբ նա նույնպես չուներ օրինական դրամական միջոցներ: Մինչև այդ՝ 2010 թվականին ավանդ էր ներդրել նաև Սերոբ Հարությունյանը՝ կրկին 100 հազար դոլար:
Համլետ Հարությունյան - 2011 թվականի ապրիլի 29-ին մարվել են վերը նշված երկու ավանդները, և հենց հաջորդ օրը՝ ապրիլի 30-ին, Արտեմ Հարությունյանի անվամբ ձեռք է բերվել Երևան քաղաքի Հյուսիսային պողոտայում բնակարանը և ավտոկայանատեղին, համապատասխանաբար, 76 միլիոն 875 հազար դրամով և 5 միլիոն 625 հազար դրամով, ընդհանուր 82 միլիոն 500 հազար դրամով, որոնք հետագայում նվիրատվությամբ փոխանցվել են Սերոբ Հարությունյանին:
Մյուս փոփոխությունը վերաբերում էր Սերոբ Հարությունյանի անվամբ հաշվառված մեքենայի ձեռքբերման օրինականությանը: Հայցվորի խոսքով՝ ավտոմեքենայի գնումը չի հիմնավորվում օրինական եկամուտներով, ինչն էլ նշանակում է, որ նշված տրանսպորտային միջոցը 62 տոկոսով ապօրինի ծագում ունեցող գույք է:
Համլետ Հարությունյան - 2002 թվականի մարտի 20-ին Սերոբ Հարությունյանի անվամբ հաշվառվել է «ՎԱԶ 21099» ավտոմեքենա, տրանսպորտային միջոցի ձեռքբերման գինը պարզել չի հաջողվել, և դրա ձեռքբերման հետ կապված որևէ տեղեկություն չի ներկայացվել նաև շահագրգիռ անձանց կողմից, այս հանգամանքով պայմանավորված իրավասու մարմինը՝ որպես մեքենայի ձեռքբերման արժեք հիմք է ընդունում այդ թվականին միջին մաքսային արժեքը, որը կազմել է 1 միլիոն 693 հազար 26 դրամ:
Սերոբ Հարությունյանը նշեց՝ հայցադիմումը ոչ իրավաչափ է, հիշեցրեց տարիներ առաջ Հատուկ քննչական ծառայությունում իր վերաբերյալ հարուցված քրեական գործի արդարացման հիմքով կարճումը: Ասաց՝ դեռ քրեական գործի ժամանակ քննիչը Կադաստրի կոմիտեից իր գույքի վերաբերյալ հարցում է կատարել, որն էլ հետագայում հիմք է հանդիսացել այս հայցադիմումի համար:
Սերոբ Հարությունյան (պատասխանող) - Եթե ընդհանուր էդ վարույթը ապօրինի ա, քրեական գործը, բնականաբար, սա էլ ա, չնայած էս հոդվածը ապօրինի գույքի նախատեսում ա, որ եթե քաղաքացին անձը արդարացվում էլ ա, իր նկատմամբ էս քաղաքացիական վարույթը շարունակվում ա, բայց ես գտնում եմ, որ դա հակասահմանադրական դրույթ ա, կարան ցանկացած մարդու կամայականորեն ցանկացած գործի շրջանակներում մի ժամով մեղադրյալ ներգրավեն, կարճեն, բայց քաղաքացիական վարույթով գնան իրա գույքերը բռնագանձեն, մարդն էլ հիշողության կորուստ ունենա, 30 տարի չհիշի ինչ ա արել, ունեզրկվի, հա, դուրս ա գալիս՝ աբսուրդ ա, էլի:
Պատասխանողի ներկայացուցիչները առարկեցին միջնորդության դեմ՝ դատարանի խնդրելով մերժել այն: Այսպիսով՝ դատախազությունը պահանջում է Սերոբ Հարությունյանից և նրա հետ փոխկապակցված անձանից հօգուտ պետության բռնագանձել մոտ 480 միլիոն դրամի գույք ու ֆինանսական միջոց: Դատարանը միջնորդությունների վերաբերյալ որոշումը կհրապարակի մեկ ամսից: